Մատաղիս, Պառավի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Պառավի կամուրջ Այլ անվանումներ
Պռավեն կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կամուրջը կառուցվել է միջնադարում։ Հետագայում բազմիցս վերանորոգվել է՝ ծառայելով հանրությանը։ 2020 թվականի հոկտեմբերին գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մատաղիս գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական տարբեր ժամանակներում Մատաղիսը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք, Մեծ Առանք, Ներքին Խաչեն գավառների (հետագայում՝ Ջրաբերդի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մատաղիս։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մատաղիս
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մատաղիս գյուղի հարավային եզրին՝ հին թաղամասից 1 կմ հարավ-արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 392 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի ներքնահովտում։ Նկարագրություն
Պառավի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի հարավային եզրին՝ Տրտու (Թարթառ) գետի վրա: Կամրջի շինարարության վերաբերյալ արձանագրություններ և հիշատակություններ չեն պահպանվել։
Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշել է, որ այն Թարթառի վրա կառուցված երկրորդ կամուրջն է․ «․․․․ Պառաւի կամուրջս, որ ունի միայն մի աչք և որ շինուած է Վարնկաթաղի առաջ։ Կամրջիս երկու կողմերի հիմքերն ևս հաստատուած են վիմահերձ ապառաժների վերայ։ Շինողն եղած է հայ բարեպաշտուհի ոմն տիկին»3։
Եղիշե ավագ քահանա Գեղամյանցն իր «Ուղեգնացական ակնարկներ» գրքում Պառավի կամրջի մասին գրում է․ «Մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող է եղել թողած: Այդ փողը հանելու համար գիւղացիք բաւականին քանդել և, կիսով չափ, փչացրել են և այդ կամուրջը»2:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ ավանդաբար փոխանցված այս պատմությունը վերաբերում է վերջին վերանորոգման ժամանակաշրջանին՝ 16-17-րդ դարերին3։
Ի սկզբանե կամուրջը նախատեսվել և կառուցվել է սայլակառքերի համար։ Այդ մասին են վկայում լայն անցուղին և կողային բազրիքների հետքերը։ Կամարակապ, միաթռիչք կամուրջ է՝ 55 մ երկարությամբ և 4,78 մ լայնությամբ անցուղով։ Թռիչքի երկարությունը կազմում է 7,64 մ, իսկ գետի հոսքից բարձրությունը՝ 11,10 մ։ Խելերը հիմնված են բնական բարձր ժայռերի վրա, որոնցից հյուսիսայինը՝ ավելի ցածր մակարդակից։ Որպես շինանյութ մեծ մասամբ օգտագործվել են գետաքար, տեղական թերթաքար և կրաշաղախ։ Հետաքրքրական է շինարարության մեջ օգտագործված աղյուսը, որը Արցախում հիմնականում կիրառվել է զարգացած միջնադարում։ Աղյուսով են շարված կամարների եզրերը և թռիչքի հիմքերը։ Վառ արտահայտված են շինության տարաժամանակյա վերանորոգման շերտերը։
Զարգացած միջնադարից ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը կամուրջը եղել է ջրառատ Տրտու գետի երկու ափերը կապող կարևոր հանգույցներից մեկը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Ջրաբերդի իշխանություն, միջնադար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է միջնադարում։ 16-17-րդ դարերում վերանորոգվել է։ Հետագայում կամրջի թռիչքը մասնակի փլուզվել է։ Վերջին նորոգությունը կատարվել է 20-րդ դարում, որից հետո օգտագործվել է նաև տրանսպորտային երթևեկության համար։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ, միաթռիչք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, աղյուս, կրաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի քարերով և կրաշաղախի հիմքով։
Տիպը
Սայլակառքի և տրանսպորտային կամուրջ Չափերը` երկարությունը
Անցուղու երկարությունը՝ 55 մ Չափերը` լայնությունը
Անցուղու լայնությունը՝ 4,78 մ Չափերը` բարձրությունը
Գետից բարձրությունը՝ 11,10 մ Թռիչքի երկարությունը
7,64 մ Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կամուրջը կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն է ունեցել ոչ միայն Մատաղիսի, այլև Արցախի կենտրոնական և հյուսիսային գավառների միջև անխափան կապ ապահովելու համար։ ----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 225։
2 Գեղամյանց Ե․, 2010, էջ 41։
3 Կարապետյան Ս․, 2009, էջ 60։
Չափագրություններ
Մատաղիս, Պառավի կամուրջ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)
Լուսանկարներ