Մեծ Թաղեր, Տահիսի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Տահիսի կամուրջ Այլ անվանումներ
Տայիսի կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 15-16-րդ դարերում։ Անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը, այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Տահես (Տահիս) գյուղ Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 1 կմ հարավ՝ Տահիս հին գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 703 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի վրա։ Նկարագրություն
Միջնադարյան աղբյուրներում և Գտչավանքի վիմագրերում հիշատակված վանքապատկան Տահիս1 բնակավայրի ավերակները գտնվում են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տող գյուղերի միջև։ Այստեղ պահպանվել են տնատեղերի փոսորակներ, ջրաղացի ավերակներ, Իշխանագետի վրա կանգուն վիճակում մի կամուրջ։ Վերջինս կառուցվել է հետիոտնի և սայլակառքի երթևեկության համար։ Ելնելով համանման հուշարձանների համեմատական բնութագրումներից և ճարտարապետաշինարարական լուծումներից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն վերագրել է 15-16-րդ դարերին2։
3,5 մ լայնությամբ, 6,95 մ թռիչքով և գրեթե 17 մ անցուղու երկարությամբ միաթռիչք կամարակապ կամուրջ է։ Անցուղին ջրից բարձր է 4,80 մ։ Կառուցված է անմշակ, կոպտատաշ ավազաքարի, գետաքարի և կրաշաղախի համակցությամբ։
Կամուրջը իր նախնական տեսքով կանգուն էր մինչև 2020 թվականի սեպտեմբերը։ Հետպատերազմյան շրջանում՝ Հադրութի շրջանի բռնազավթումից անմիջապես հետո, Ադրբեջանի կողմից տարածքում իրականացվեցին լայնածավալ շինարարական գործընթացներ, որոնց արդյունքում ավերվեցին գետափնյա հատվածները, և փոխվեց Տայիսի բնապատմական միջավայրը։ Կամուրջը հողով ծածկվելու վտանգի տակ է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
15-16-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տահես գյուղատեղիի տարածքում պատմաճարտարապետական ուսումնասիրություն է կատարել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, իսկ կամրջի մանրամասն նկարագրությունը և չափագրությունը հրապարակվել են հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում (2009):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, ավազաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է անմշակ և կոպտատաշ միջին չափի քարերով՝ կամարակապ հորինվածքով։
Տիպը
Հետիոտնային և սայլակառքի կամուրջ Չափերը` լայնությունը
3,3 մ Չափերը` բարձրությունը
4,80 մ Թռիչքի երկարությունը
6,95 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Ուշ միջնադարում կամուրջն իրար էր կապում Վարանդա և Դիզակ գավառների հոգևոր կենտրոններ Ամարասի և Գտիչի վանքերը։ Այն կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն ուներ ոչ միայն Տահիս, այլև Իշխանագետի ափամերձ մյուս բնակավայրերի համար։ ----------------------------
1Յակոբեան Ա․, 2009, էջ 92:
Բնակավայրն առավել հայտնի էր Տահես անունով, որն ավելի ուշ կոչվել է նաև Տայիս։
2Կարապետյան Ս․, 2009, էջ 56:
Չափագրություններ
Մեծ Թաղեր, Տահիսի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009։Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․