
Քարոտանի ամրոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Ամրոց Հատուկ անունը
Քարոտան Այլ անվանումներ
Բերդ, Չիզմալի, Չիզեմլի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է միջնադարում։ Վերանորոգվել է պարսկական խանության կողմից և օգտագործվել 15-րդ դարից մինչև 19-րդ դարը։ 19-րդ դարի սկզբին ռուսական կայսրության զորքերը պայթեցրել և ավերել են այն։
2020 թվականի հոկտեմբերից տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Սյունյաց աշխարհ, Բաղք գավառ
Պահպանման միավորի անվանումը
Ամրոց Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական տարբեր ժամանակներում Քարոտանի ամրոցը Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Բաղք և Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառների մաս է կազմել՝ փաստացի լինելով սահմանաբաժան։ 19-րդ դարում տարածքն ընդգրկվել է ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ 1923-1930 թթ․ ներառվել է Խորհրդային Ադրբեջանի Կարմիր Քուրդիստանի գավառի կազմում, այնուհետև ընդգրկվել Խորհրդային Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանի մեջ։ 1993-2020 թթ․ տարածքը ներառված է եղել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վարդաբաց համայնքի Քարոտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 391 մ։ Ջրագրությունը
Ամրոցը գտնվում է Որոտան և Հակարի գետերի հովտում՝ միախառնման վայրից 1,3 կմ հյուսիս-արևելք՝ թերակղզաձև հրվանդանի հարավային բարձունքում։ Նկարագրություն
Քարոտան գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում։ Միջնադարում բնակավայրի տարածքը Սյունիքի Բաղք գավառի մաս է կազմել և սահմանակցել Արցախի Սիսական ի Կոտակ գավառին։ Մինչև 18-րդ դարը գյուղը եղել է Սյունիքի մելիքությունների տիրույթում։ Հայաթափվել է 19-րդ դարում, երբ այստեղ են հաստատվել քոչվոր խաշնարածները։ 20-րդ դարի սկզբներին գյուղը հայտնի էր Քևդադիխ անունով։ 1920 թվականին տարածաշրջանի գյուղերը բռնակցվել են Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին Քևդադիխը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի Կարմիր Քուրդիստանի կազմում, իսկ 1930 թվականին՝ Ղուբաթլուի շրջանի մեջ։ 1993 թվականին գյուղն ազատագրվել է և վերաբնակեցվել 1998 թվականին։ 2006 թվականին վերանվանվել է Քարոտան։

Քարոտանի ամրոց | Google earth արբանյակային լուսանկար
Ղևոնդ Ալիշանն իր «Սիսական» աշխատության մեջ հիշատակում է նաև այս ամրոցը․ «Սակաւ մի եւս ի ստորեւ խառնուրդք են երկոցուն գետոցն Բարկուշատայ և Հագարու և ի կիցս անկեան նոցին փոքրիկ բերդ կրաշաղախ քարամբք՝ Չիզմելի անուն»1։
Ամրոցն առաջին անգամ ուսումնասիրվել է 2018 թվականին՝ ՀՀ ԳԱԱ արշավախմբի կողմից՝ հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ։ Հնագետը կարծում է, որ 1831-1834 թթ․ տարածաշրջան այցելած շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպրեն հենց այս ամրոցն է սխալմամբ անվանել Ջիջիմլի։ Նա այն ներկայացրել է որպես փոքրիկ ամրոց, որը գտնվում է Բարկուշատ (Որոտան) և Աղավնո (Հակարի) գետերի միախառնման վայրում և կառուցված է փոքր քարերով, գետաքարերով ու կրաշաղախով։

Օդային պատկեր
Ամրոցն օվալաձև կառուցվածք ունի։ Երկարությունը մոտ 107 մ է, իսկ առավելագույն լայնությունը՝ 36 մ։ 278 մ ձգվող պարսպապատն ունի 2 մ հաստություն։ Կենտրոնական կառույցը պաշտպանված է 20 մ միջին հեռավորությամբ կրկնապարսպով, որի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 13 հա։ Այն տեղակայված է ռազմավարական առումով մատչելի բլրի վրա և ելնելով տեղադիրքի առանձնահատկությունից՝ պարսպապատված է բոլոր կողմերից։ Պարիսպները հզորացված են փոքրաչափ որմնահեծերով և ուղղանկյուն աշտարակներով։
Հատկապես ուշագրավ է միջնաբերդի գլխավոր մուտքը՝ իր հետաքրքիր պաշտպանական լուծումներով։ Այն գտնվում է գետերի խառնարանին նայող ծայր հարավային կետում և կազմված է միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն ձևավորող երկու դարպասներից։ Մտնողը միաժամանակ տեսանելի ու դիտարկելի է արևելքից՝ դիմացի հզոր աշտարակից, ինչպես նաև թիկունքից՝ հարավային կողմի ներփակ սենյակից։ Գլխավոր դարպասը հզորացված է մոտ 4,0 x 4,5 մ չափերի երկու նույնատիպ քարաշեն աշտարակներով, որոնք, ամենայն հավանականությամբ, վերևի հատվածում ունեցել են սնամեջ ծավալ2։ Հավանաբար մեկ այլ պահեստային մուտք էլ եղել է հյուսիսային կողմից։ Պատերը հիմնականում շարված են միջին չափերի, ճեղքված, մոխրագույն ավազաքարերով, գետի գլաքարերով, ամրացված են կրաշաղախով: Պահպանվել են 1,5-2,2 մ լայնությամբ պարսպի հիմնապատերը և մոտ 2-2,5 մ բարձրությամբ փլված աշտարակների մնացորդները։ Ամրոցի ներսում չեն պահպանվել շինությունների հետքեր։
19-րդ դարում, երբ տարածաշրջանում հաստատված քոչվոր ցեղերը ռուսական կայսրության հրամանագրով պարտադրված էին անցնել նստակեցության, այստեղ՝ սակավաքար այս տեղանքում, եկվոր բնակիչներն իրենց տները կառուցելու համար ամրոցն օգտագործել են որպես «քարհանք»։
Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի՝ ամրոցի շինությունները կառուցված են եղել հում աղյուսից կամ էլ եղել են փայտաշեն։ Ելնելով ամրոցի ավերակներում քարերի սակավությունից՝ հնագետը ենթադրում է, որ միայն պարիսպների հիմնապատերն են եղել քարաշեն, իսկ դրանց վրա բարձրացած պատերը շարված են եղել հում աղյուսից։ Այս պատերը չեն պահպանվել։ Այսպիսով՝ հնագետը չի բացառում, որ ամրոցը կարող էր կառուցվել նաև պարսիկների տիրապետության ժամանակ և ծառայել որպես պարսկական կայազորի պահակային ամրոց։
Ճարտարապետական և կառուցողական որոշ տարրեր, ինչպես նաև հուշարձանի տարածքում առկա վերգետնյա խեցեղենը, որի զգալի մասը կազմում են անսովոր տեսքով, ուռուցիկ եզրապատով ուղղանկյուն կղմինդրի բեկորներն ու դուրգով պատրաստված շիկավուն կավանոթները, հնագետի կողմից վերագրվում են 15-19-րդ դարերին։ Դատելով հիմնապատերի դիմաց գտնվող հնգանիստ աշտարակների մնացորդների գլխիվայր շուռ եկած դիրքից՝ հնագետը ենթադրում է, որ դրանք պայթեցվել են 19-րդ դարի սկզբին՝ ռուսական զորքերի կողմից։
Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների և տարածքում հայտնաբերված վերգետնյա խեցեղենի վերլուծության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ամրոցը հիմնադրվել է միջնադարում։ Հետագայում՝ մինչև 19-րդ դարի սկիզբը, գործել է իր նշանակությամբ՝ ենթարկվելով ընթացիկ նորոգությունների և կառուցապատումների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Հնագետ Գագիկ Սարգսյանը ուսումնասիրությունների ժամանակ
2018 թվականին ամրոցը ուսումնասիրվել է ՀՀ ԳԱԱ արշավախմբի կողմից։ Արդյունքները հրապարակվել են համահեղինակներ Գ․ Սարգսյանի, Ա․ Գնունու և Լ․ Մկրտչյանի «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գրքում։
Պատմական համառոտ տեղեկանք
19-րդ դարում ամրոցի մասին հիշատակել են Ղևոնդ Ալիշանն իր «Սիսական» գրքում և Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպրեն իր «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» աշխատության մեջ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Հուշարձանի տարածքում պեղումներ չեն իրականացվել։ 2018 թվականին այստեղ այցելած ՀՀ ԳԱԱ հնագիտական արշավախումբը դաշտային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է կղմինդրե կտորներ և միջնադարյան խեցեղեն։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար, գլաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Հարավային կողմից
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են հիմնականում մոխրագույն ավազաքարերով, գլաքարով և ամրացված են կրաշաղախով։
Տիպը
Ամրոց-դիտակետ Չափերը` երկարությունը
107 մ Չափերը` լայնությունը
36 մ Չափերը` տարածքի մակերեսը
Միջնաբերդի մակերեսը՝ 3,4 հա։ Ընդհանուր մակերեսը՝ 13 հա։ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Ավերակ Արժևորումը
Կարևոր է Արցախի և Սյունիքի պատմական անցյալի և ռազմաքաղաքական կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Ղևոնդ Ալիշան, 1893, էջ 283։
2 Սարգսյան Գ․, Գնունի Ա․, Մկրտչյան Լ․, 2022, էջ 181-182։
Չափագրություններ

Քարոտանի ամրոց
Սարգսյան Գ․, Գնունի Ա․, Մկրտչյան Լ․, 2022 - Սարգսյան Գագիկ, Գնունի Արտակ, Մկրտչյան Լևոն, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները, Երևան 2022, էջ 181-182։
Լուսանկարներ



