
Մարիամաձոր, Սուրբ Մինաս եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Մինաս Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1601 թվականին, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին բոլշևիկների կողմից պայթեցվել է, սակայն որպես սրբատեղի՝ մաքրվել և պահպանության տակ է առնվել բնակչության կողմից։ 2020 թվականի հոկտեմբերից Մարիամաձոր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում գյուղն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մարիամաձոր։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 801 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում՝ գետից 3,6 կմ հարավ։ Նկարագրություն
Հադրութի շրջանի Մարիամաձոր1 գյուղի հարավարևելյան եզրին՝ այգիների մեջ, գտնվում է կիսավեր Սուրբ Մինաս եկեղեցին։ 19-րդ դարում գյուղ այցելած ազգագրագետ-բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն ընթերցել էր դեռևս կանգուն եկեղեցու արձանագրությունները։ Մուտքի բարավորին կարդացել էր կառուցման թվականը․ «Թվ[ին] ՌԾ(1601)»2։
Ներսում՝ հյուսիսային կամարին, եկեղեցին կառուցողի հիշատակագրական արձանագրությունը․ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր»3։
Նույն կամարի մյուս կողմում ագուցված խաչքարի արձանագրությունը․ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․»4։
Ցավոք խորհրդային տարիներին բոլշևիկների կողմից եկեղեցին պայթեցվել է, իսկ վերոնշյալ արձանագրությունները չեն պահպանվել։

Խաչքարեր եկեղեցու պատերի մեջ
Սուրբ Մինաս եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ շինություն է։ Թաղը հենված է հարավային և հյուսիսային պատերի զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Կառույցի արևելյան հատվածը պայթեցումից ավերվել է, որի պատճառով կիսաշրջանաձև խորանը չի պահպանվել։
Պատերը շարված են կոպտատաշ և անմշակ քարերով, ամրացված՝ կրաշաղախով։ Եկեղեցու բացվածքները չեն պահպանվել։ Մուտքը եղել է արևմտյան կողմից, որի տեղում մեծ բացվածք է առաջացել։ Լուսամուտներից միայն մեկի տեղադրությունն է հստակ, որի հետքերը երևում են արևմտյան ճակատին` մուտքի վերնամասում։ Արևմտյան լուսամուտի վերնամասում, ինչպես նաև եկեղեցու տարբեր հատվածներում ագուցված են ավելի վաղ շրջանի գեղաքանդակ խաչքարեր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Եկեղեցու շինարարական արձանագրությունը ընթերցել և գրի է առել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1601 թվականին, գործել մինչև 1920-ական թթ․։ Խորհրդային տարիներին եկեղեցին պայթեցվել է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցու մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ։ Հուշարձանին անդրադարձել է նաև պատմաբան Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, գլաքար, կրաշաղախ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին և փոքր չափերի քարերով՝ կրաշաղախի համակցությամբ։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
14,7 մ Չափերը` լայնությունը
7,9 մ Չափերը` բարձրությունը
4,5 մ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Կիսավեր
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մարիամաձոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Գյուղը կոչվել է նաև Մամատաձոր և Մամեդաձոր անուններով։
2 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 72։
3 Նույն տեղում։
4 Նույն տեղում։
Լուսանկարներ






...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ., 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․