Խանձաձոր, Շենին (Թյունգին) աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Շենին աղբյուր
Այլ անվանումներ
Թյունգին աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1895 թվականին։ Անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը, այնուհետև Խանձաձոր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խանձաձոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Խանձաձոր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Խանձաձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խանձաձոր գյուղի հարավարևմտյան մասում՝ հին թաղամասի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1440 մ։
Նկարագրություն
Խանձաձոր գյուղի հարավարևմտյան մասում՝ հին թաղամասի կենտրոնում է կառուցված Շենին աղբյուրը։ Աղբյուրի ակունքը գտնվում է գյուղից մոտ 1,4 կմ դեպի արևմուտք՝ Կիճի սօրփ1 սրբավայրում գտնվող Թոփ ծառի2 տակ։ Ջուրն ակունքից աղբյուր է հասնում կավե խողովակներով՝ թյունգերով, որի պատճառով էլ գյուղացիները հաճախ աղբյուրն անվանում են Թյունգին աղբյուր։
Այն կառուցել է թաղլարեցի Գրիգոր Շահնազարյանցը 1895 թվականին։ Շինարարական արձանագրությունը գտնվում է աղբյուրի ետնապատի կենտրոնական մասի ստորին հատվածում․ «Յիշատակ է աղ|բիւրս այս հին | թաղլարացի | Գրիգոր (Շահ)նազար|եանցին և իւր | ծնողաց, 1895 ամի»։

 

Կառուցված է անմշակ, կոպտատաշ տեղական քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են շինության անկյունաքարերը, արձանագիր սալը, զարդաքանդակ քարերը, ինչպես նաև երկայնական նովի3 եզրաքարերը։ Աղբյուրի ձախակողմյան եզրապատի ճակատային հատվածում տեղադրվել է չարխափան դաղդղանի հորինվածք հիշեցնող աստղաձև զարդաքանդակ քար՝ նպատակ ունենալով ապահովել աղբյուրի անխափան գործելը։ 

Աղբյուրի շինության աջակողմյան պատը հետագայում երկարությամբ ավելացվել է և կենդանիների համար ևս մեկ երկայնական նով է կառուցվել։

Խորհրդային տարիներին աղբյուրի տանիքը ծածկվել է ազբեստե թիթեղով, որը 2018 թվականի վերանորոգման ժամանակ կրկին փոխվել է կղմինդրով։ Վերանորոգման վերաբերյալ գրանիտե սալին փորագրված արձանագրությունը ագուցված է աղբյուրի ետնապատի կենտրոնական հատվածում։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1895 թվական (19-րդ դար)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
 
 
Ըստ կենտրոնական պատին ագուցված շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1895 թվականին։ 2018 թվականին վերանորոգվել է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Խանձաձորի Շենին աղբյուրին անդրադարձել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Հայկական աղբյուրներ» (2023) ուսումնասիրության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, գետաքար, կրաքար, կրաշաղախ, ցեմենտ

Տանիքը (նյութը, ձևը)
Փայտաշեն, կղմինդրածածկ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Աղբյուրը կառուցված է կիսամշակ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։

Հարդարանքը
 
 
Տիպը
Գյուղի աղբյուր, բնակավայրի հիմնական աղբյուր
Չափերը` երկարությունը
4 մ
Չափերը` լայնությունը
2,2 մ
Չափերը` բարձրությունը
2,8 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ (վերանորոգված)

Արժևորումը
Աղբյուրն ունեցել է տնտեսական և սոցիալական կարևոր նշանակություն, մասնավորապես՝ Խանձաձոր գյուղի ջրամատակարարման առումով։
----------------------------
1 Կիճի սօրփ, Արցախի բարբառով՝ փոքր սուրբ։
2 Թոփ ծառ, տեղացիներն այսպես են անվանում ուռատերև տանձենի ծառատեսակին։
3 Նով, նօվ կամ նավ, Արցախի բարբառով՝ փայտե կամ քարե գուռ աղբյուրների առջևում՝ կենդանիների ջրարբեցման համար։

Լուսանկարներ