
Շուշի, Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Հովհաննես Մկրտիչ Այլ անվանումներ
Կանաչ ժամ, Վերին կամ Նոր թաղի եկեղեցի, Նոր եկեղեցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ըստ շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1847 թվականին։ Խորհրդային տարիներին ադրբեջանական վարչակարգը եկեղեցին վերածել էր հանքային ջրերի ըմպելասրահի։ 1995 թվականի մայիսին՝ Շուշիի ազատագրումից հետո, նորընծա Գարեգին Ա կաթողիկոսի մասնակցությամբ այստեղ կրկին մատուցվում է ժամերգություն։ 1999 թվականին եկեղեցին վերանորոգվել և վերաօծվել է։ Գործել է մինչև 2020 թվականի նոյեմբերը։ Google Earth-ի 2024 թվականի ապրիլի 5-ին հրապարակած արբանյակային լուսանկարից բացահայտվել է, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերվել է։
Փաստը վավերագրել է նաև Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Շուշին Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք և Վարանդա գավառների մաս է կազմել։ 19-րդ դարից դարձել է Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի կենտրոնը, 1930-1992 թթ․՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շուշիի շրջկենտրոնը, իսկ 1992 թվականից դարձել է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի կենտրոնը։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1380 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետից 1,86 կմ հյուսիս։ Նկարագրություն
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում էր Շուշի քաղաքի հյուսիսարևմտյան կողմում, որտեղ 1840 թվականին ձևավորվել էր «Վերին թաղ» անունով հայկական թաղամասը։ Ինչպես վկայում են պատմական փաստերն ու արխիվային նյութերը, Շուշիի արևելյան հատվածում, որտեղ հաստատվել էին նաև եկվոր մահմեդականները, հայերն ապրում էին առանձին թաղամասում, որը հայտնի էր «Ներքին թաղ» անվանմամբ։ Այստեղ հայերն ունեին քարաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շուշիի հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրն ունեցել է իր եկեղեցին), որի քահանան 1827-1849 թթ․ Դավիթ Հովհաննիսյան Բաղդասարյանցն էր1։
19-րդ դարասկզբին մահմեդականների կողմից հետզհետե ավելացող ճնշումների ներքո Ներքին թաղի հայ բնակիչները ստիպված տեղափոխվում են Վերին թաղ, որտեղ 1840 թվականին կառուցում են փայտաշեն եկեղեցի։ Թաղամասի հայաթափումից հետո՝ դեռևս 19-րդ դարում, մահմեդականների կողմից քարաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերվում է։ Նորակառույց Սուրբ Աստվածածին փայտաշեն եկեղեցին կանգուն է մնում մինչև 1847 թվականը, երբ նույն տեղում նրան փոխարինում է շուշեցի եղբայրներ Հովհաննես և Բաբա Հունանյանների միջոցներով կառուցած նոր քարաշեն եկեղեցին։ Այն շինարարական արձանագրության մեջ հիշատակվում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» անվամբ։ Ըստ Շահեն Մկրտչյանի՝ 1919 թվականից ժողովրդի մեջ տարածում գտած Կանաչ ժամ անվանումը պայմանավորված է եկեղեցու գմբեթների կանաչ գույնով2։
Զանգակատան արևմտյան ճակատի կամարակապ մուտքի երկու կողմերում ագուցված սալիկների վրա փորագրված շինարարական արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցել են Հովհաննես և Բաբա Ստեփանյան Հովնանյանց եղբայրները 1847 թվականին՝ ի հիշատակ իրենց հանգուցյալ եղբոր՝ Մկրտչի․ «[Կ]առուցին Ս(ուր)բ Յովհան| [նէս] Մկրտչի եկեղեցին | [Շու]շա քաղաքացի պ(արոն) Յովհաննէսն և | (սալիկ) 1 || Բաբայն Ստէփանեան | Յովնանե(ա)նց, ի յիշատակ | հանգուցե(ա)լ եղբոր իւրե(ա)նց | Մկրտչին 18[4]7 թվին։ | (Սալիկ) 2»3։
Հետաքրքրական է, որ արխիվային նյութերում բարերար եղբայրները հիշվում են ոչ թե Հովնանյան, ինչպես փորագրվել է արձանագրության մեջ, այլ Հունանյան ձևով4։
Նկատի ունենալով, որ Արցախի հոգևոր առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոսը 1847 թվականի հուլիսի 3-ին գրությամբ տեղեկացնում է Սուրբ Էջմիածնի Սինոդին բարերարների՝ եկեղեցի կառուցելու ցանկության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ շինարարությունը սկսվել է նշված թվականի երկրորդ կեսին, իսկ եկեղեցին օծվել է 1848-ին։

Խաչաձև հատակագծով գմբեթավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ և կոպտատաշ տեղական սպիտակամոխրագույն տրավերտինից։ Արտաքուստ սրբատաշ են կրող կամարները, շքամուտքի և լուսամուտների կամարները, զանգակատան ռոտոնդան, եկեղեցու գմբեթները, աստիճանները։ Հուշարձանն իր ճարտարապետական հորինվածքով ու առանձնահատկություններով որոշակիորեն տարբերվում է եկեղեցաշինության հայկական ավանդական օրինակներից։ Հատկապես ուշագրավ է այն, որ զանգակատունը թեև որմնամույթերով առանձնացված է եկեղեցուց, բայց մի ամբողջություն է կազմում եկեղեցու հետ։ Երկու մուտքերից արևմտյանը բացվում է զանգակատնից, իսկ մյուսը՝ հարավային ճակատից։ Զանգակատան և եկեղեցու աղոթասրահի հատակը բակի մակարդակից բարձր է շուրջ 2 մ։ Դեպի զանգակատան շքամուտք բարձրացող տասը աստիճանները յուրահատուկ հանդիսավորություն են հաղորդում շինությանը։
Պատմաբան Շահեն Մկրտչյանը նշում է, որ եկեղեցին որմնամույթերով բաժանված է երկու սրահի։ Առաջինը՝ գրեթե քառակուսի հատակագծով, ունի երդիկավոր գլխատներին հատուկ փակվող թաղ, իսկ երկրորդը շքեղ ուղղանկյուն սրահ է, որի սրբատաշ որմնամույթերի վրա բարձրանում է շրջանաձև գմբեթը։ Հուշարձանն առանձնանում է հայ ճարտարապետության համանման կառույցների շարքում իր ինքնատիպ հարդարանքով։ Ուշագրավ են փակվող թաղերը, ինչպես նաև հայկական եկեղեցաշինության համար անսովոր, անհամեմատ մեծ բացվածքները, բեմատակ իջեցված ավանդատները և արտաքուստ շեշտված արևելյան կիսակլոր աբսիդը5։
Անդրադառնալով եկեղեցու առանձնահատկություններին՝ ճարտարապետության պատմաբան Մանվել Սարգսյանը նկատում է կառույցի գնդաձև գմբեթը, որն այնքան էլ բնորոշ չէ հայկական ճարտարապետությանը, հավանաբար այն կրում է ռուս ռազմական ինժեներների ազդեցությունը6։
Եկեղեցու բեմը բարձրադիր է, խորանը` կիսաշրջանաձև։ Բեմառէջքի երկու կողմից հինգ աստիճան է բարձրանում դեպի բեմ, իսկ կենտրոնում ագուցված է փոքրիկ խաչքարային հորինվածք։ Բեմի կենտրոնում Սուրբ Սեղանն է վերականգնվել։
Սրահը լուսավորվում է գմբեթի չորս, խորանի երեք, հյուսիսային ճակատի երեք և հարավային ճակատի երկու լուսամուտներով։
Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության դեմ վարվող հատուկ քաղաքականության շրջանակներում, եկեղեցին վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով ձևափոխվել էր կառույցի ներքին տեսքը։ Շուշիի ազատագրումից կարճ ժամանակ անց՝ 1999 թվականին, եկեղեցին վերանորոգվել և վերաօծվել է։
2015 թ. հուլիսի 4-ին տեղի է ունեցել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։ Ծիսակատարությունը կատարեցին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը և հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու շինարարական արձանագրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարում, որի մասին փաստում է շինարարական արձանագրությունը։ 1999 թվականին եկեղեցին վերանորոգվել է։ 2020-ին՝ Շուշիի զավթումից հետո, ադրբեջանցիները հայկական հոգևոր կենտրոնը նախ պայթեցրել են, իսկ 2024 թվականին՝ հիմնահատակ ավերել։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մասին հիշատակել են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895), Մեսրոպ Թաղիադյանը «Ճանապարհորդութիւն ի Հայս» երկի մեջ (1847), Լեոն «Պատմութիւն Ղարաբաղի հայոց հոգևոր թեմական դպրոցի, 1838-1913» գրքում (1915)։
Հուշարձանին անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը 1985-1989 թթ․ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքի տարբեր հրատարակություններում, ինչպես նաև «Շուշի։ Ողբերգական ճակատագրի քաղաքը» գրքում (2008)՝ համահեղինակությամբ Շչորս Դավթյանի։ Անդրադարձել են նաև ճարտարապետության պատմաբան Մանվել Սարգսյանն իր «Из истории градостроительства Шуши» գրքույկում (1996), Բակուր Կարապետյանը «Շուշի բերդաքաղաքը» (2000) և պ․ գ․ դոկտոր Վահրամ Բալայանը «Շուշի» գրքերում (2017)։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական սպիտակամոխրագույն տրավերտին
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Արևմտյան և հարավային կողմերից Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ
Տանիքը (նյութը, ձևը)
Թիթեղապատ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են հիմնականում փոքրաչափ կոպտատաշ և սրբատաշ կրաքարերով ու կրաշաղախով։
Տիպը
Եկեղեցի Արժևորումը
Կարևոր է Արցախի 19-րդ դարի ճարտարապետության, Շուշիի քաղաքաշինության հարցերի և Շուշիում հոգևոր կենտրոնների պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Բալայան Վ․, 2017, էջ 282։
2 Մկրտչյան Շ․, 1985, էջ 226։
3 Քորթոշյան Ր․, 2024, էջ 33։
4 Տե՛ս նույն տեղը։
5 Մկրտչյան Շ․, 1985, էջ 227-228։
6 М. Саркисян, 1996, с. 25․
Չափագրություններ

Շուշի, Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ







...
Հիմնական մատենագիտություն
Արգամ, 1888 - Արգամ, Շուշի, Նոր-դար, Թիֆլիս, № 195, 1888, էջ 3։Բալայան Վ․, 2017 - Բալայան Վահրամ, Շուշի, Երևան, 2017։
Թաղիադյան Մ., 1847 - Թաղիադյան Մեսրոպ, Ճանապարհորդութիւն ի Հայս, Կալկաթա, 1847։
Կարապետյան Բ․, 2000 - Կարապետյան Բակուր, Շուշի բերդաքաղաքը, Երևան, 2000։
Մկրտչյան Շ․, Դավթյան Շ․, 2008 - Մկրտչյան Շահեն, Դավթյան Շչորս, Շուշի։ Ողբերգական ճակատագրի քաղաքը, Երևան, 2008։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Ա․Հ․