Սխտորաշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1731 թվականին, ամենայն հավանականությամբ գործել է մինչև 19-րդ դարի կեսերը, երբ գյուղի բնակիչները լքել են գյուղը, տեղափոխվել հին բնակավայրից հյուսիս-արևմուտք և այնտեղ նոր գյուղ հիմնադրել։

Սկզբնական պատկանելությունը
Սխտորաշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի 
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր շուկա։


Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր Շուկա, Սխտորաշեն գյուղատեղի։
Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Մարտունի քաղաքից 17 կմ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սխտորաշեն գյուղատեղիից 1 կմ հարավ-արևելք՝ Հին Սխտորաշեն գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 869 մ:
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախ ափին՝ գետից 2,2 կմ հյուսիս։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղից 1 կմ հարավ-արևելք՝ Հին Սխտորաշեն գյուղատեղիում։ Ըստ մուտքի բարավորի շինարարական արձանագրության՝ այն կառուցվել է 1731 թվականին։

Եկեղեցու կառուցման վերաբերյալ պահպանվել է մի պատմություն, ըստ որի՝ հին ժամանակներում Վարանդայի գյուղերի մեծ մասը չուներ սեփական եկեղեցի, իսկ բնակիչները կիրակի օրերին գնում էին Ամարասի վանքում աղոթելու։ Այդ ժամանակ Ամարասի վանքը գտնվում էր Մելիք-Շահնազարյանների տոհմից Սարի Բաբայի տիրույթներում։ Նա ծնունդով Ավետարանոց գյուղից էր և այդ վայրերում մեծ հեղինակություն էր վայելում։ Տեսնելով Ամարաս աղոթքի եկած սխտորաշենցի Գեսի բեկին՝ նախատում է՝ ասելով, որ նա այդքան երկար տարածությունը կտրելու փոխարեն կարող է իր գյուղում եկեղեցի կառուցել։ Գեսի բեկը, վերադառնալով գյուղ, նախաձեռնում է սեփական միջոցներով եկեղեցու կառուցումը1։

Կառույցն ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Պատերը շարված են կոպտատաշ և անմշակ քարերով։ Սրբատաշ կրաքարով են շարված բացվածքների, կամարների, խորշերի շրջանակները և արտաքին պատերի անկյունները։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի բեմը չի պահպանվել։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են կամարակապ շրջանակների մեջ առնված մեկական խորշեր՝ սրբատաշ եզրաքարերով։
Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարներին։ Փլուզված են թաղածածկի արևմտյան հատվածը և խորանի գմբեթարդը։

Սրահը լուսավորվում է հարավային և արևմտյան ճակատներից բացվող, դեպի ներս լայնացող մեկական լուսամուտով։ Արևելյան լուսամուտը չի պահպանվել գմբեթարդի և արևելյան պատի վերին հատվածի փլուզման պատճառով։ Միակ մուտքը բացվում է հարավային կողմից։
 

Եկեղեցու հարդարանքն ընդհանուր առմամբ զուսպ է։ Առանձնանում է շքամուտքը, որի սրբատաշ շրջանակը երիզված է հյուսկեն և նրբազարդ գոտով։ Մուտքի բարավորին՝ կամարաձև խորանների ներքո, պարանահյուս երեք խաչաքանդակներ են, որոնցից կենտրոնականը` ծաղկած խաչաթևերով։ Խաչաքանդակների ուղղահայաց թևերի ստորին հատվածում փորագրված է եկեղեցու կառուցման թվականը` Թվ(ին) ՌՃՁ (1731)։
Շքամուտքի աջ կողմի քարերին՝ շրջանակների մեջ առնված երեք շրջանաձև և մեկ կիսաշրջան նախշ է․ պարզատիպ արևային ժամացույց և վերջինիցս ցած՝ երկու հաջորդող քարերին, եռատող արձանագրություն․ «Այս է տանիք | այս շէկ միլըս | Կիսուն․․․․»2։

Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության խաչաձև ավազանն է։ Մկրտարանի ետնապատին ագուցված է մի փոքրաչափ խաչքար, իսկ արևմտյան և հարավային եզրաքարերին փորագրված է եկեղեցին կառուցող ընտանիքին վերաբերող հիշատակագրական արձանագրություն․ «Յիշատակ է Ս[ուր]բ եգեղեցիս Գիսուն եւ իւր ծնօղ|ացն հ|այր իմ | Ոհանէն մայր իմ Ադիխանէն կող|ակիցն իմ Մարուն Տ[է]ր Բողոսին օվ որ կ|արդայ մէկ բերար(ն) ողորմեայ ասի»3։
Հյուսիսային որմնասյան վրա փորագրված է եռատող հիշատակագրական արձանագրություն․ «Կարապետ | Տիրաց[...]ի Յարու․․․| Տ(էր) Պողոսեան»։

Մանկավարժ, հասարակական գործիչ Ա․ Կիսիբեկյանը վկայում է, որ եկեղեցու մուտքի մոտ՝ պատին կից, գտնվում էր Կոնստանդին վարդապետի շիրմաքարը, ում տեղացիները անվանում էին Քոթան վարդապետ։ Տապանաքարը ներկայումս չի պահպանվել։
Եկեղեցուց հյուսիս տարածվում է գերեզմանատունը, որտեղ հիմնականում պահպանվել են 18-19-րդ դարերի ուղղանկյունաձև տապանաքարեր։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1731 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորին փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1731 թվականին և գործել մինչ բնակչության տեղափոխությունը նորաշեն գյուղ։ 2023 թվականի սեպտեմբերից Սխտորաշենը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ է հաղորդում մանկավարժ, հասարակական գործիչ Աբրամ Կիսիբեկյանը (Յուշեր, 2011)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Երկու լուսամուտ՝ հարավից և արևմուտքից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, հողածածկ (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի կոպտատաշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Առանձնանում են միայն շքամուտքի և մկրտարանի շրջանակները։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,7 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Չափերը` բարձրությունը
6 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վարանդա գավառի, ինչպես նաև Սխտորաշեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------

1 Կիսիբեկյան Ա․, 2011, էջ 86։

Միլը Ղարաբաղի բարբառում տանիքի տակի՝ պատից պատ ձգվող գերանն է (տես Ղարաբաղի բարբառի բառարան, էջ 518), Շեկը շիկացածն է, որոշ բարբառներում նաև երեք է նշանակում: Այսինքն՝ եկեղեցու տանիքն իր գերաններով ոմն Կիսու (ուղիղ ձևը թերևս Գիսա/Կիսան է) միջոցներով և վերջինիս հիշատակին է արված: Արձանագրությունը կարդաց ՝ Արսեն Հարությունյանը։

3 Նույն տեղում։
Արձանագրության սկիզբը չի պահպանվել։ Ժամանակին որոշ վրիպակներով ընթերցել է մանկավարժ, հասարակական գործիչ Աբրամ Կիսիբեկյանը, ում «Յուշերը» երկու հատորով տպագրվել է 2011 թվականին։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կիսիբեկյան Ա․, 2011 - Կիսիբեկյան Աբրամ, Յուշեր, Երևան, 2011։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․