Վարդաշատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հռիփսիմե
Այլ անվանումներ
Ժամ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1896 թվականին, գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Անկախության տարիներին օգտագործվել է որպես սրբատեղի։ 2020 թվականի հոկտեմբերից Վարդաշատը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վարդաշատ (Վրդնաշատ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում գյուղն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վարդաշատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վարդաշատ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 2,3 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վարդաշատ գյուղի հյուսիսային եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 955 մ։
Նկարագրություն
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Վարդաշատ1 գյուղի հյուսիսային եզրին։ Եկեղեցին հիմնադրվել է 17-րդ դարում։ Անհայտ պատճառներով ավերվել է և կրկին վերակառուցվել։ Այդ մասին են վկայում ներկայիս եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված  արևային ժամացույցը, այլ ճարտարապետական տարրեր և արձանագրությունները։ Արևային ժամացույցի վերնամասում փորագրված է՝ Թվին ՌՃԽԴ (1695), որը համապատասխանում է հին եկեղեցու կառուցման թվականին։ Վերջինիս անունը վիմագրում հիշատակված չէ։ Ուղղանկյուն և սրբատաշ մի կրաքարի վրա պահպանվել է միայն արձանագրության՝ «Այս է անո|ւն եկեղ|եցո» հատվածը։ Եկեղեցու շքամուտքի նոր բարավորի ստորին եզրին փորագրված է վերակառուցման թվականը` 1986։ Նույն թվականի մեկ այլ արձանագրություն էլ պահպանվել է եկեղեցու հարավային բակում գտնվող հին լուսամուտի շրջանակի վրա, որը ամենայն հավանականությամբ տեղահանվել է հարավային լուսամուտը լայնացնելու հետևանքով։ Եկեղեցու հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։

Կառույցն ուղղանկյուն հատակագծով, միանավ թաղածածկ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Խորհրդային տարիներին բեմը քանդվել է, և շինությունը հարմարեցվել է տնտեսական կարիքներին։
Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա է մեկական փոքրաչափ ուղղանկյուն պատրհան։ Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Թաղը հենված է հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերից սկիզբ առնող զույգ կամարների վրա։ Միակ մուտքը բացված է հարավային պատի արևմտյան կողմից։ Ուշագրավ է եկեղեցու շքամուտքի՝ ալիքաձև եզրագոտով, կիսակլոր բարավորը, որի կենտրոնում հավասարաթև ծաղկած խաչն է։ Վերջինիս հորիզոնական թևերից սկիզբ են առնում և դեպի աջ ու ձախ են իջնում թրաշուշան ծաղկով պսակվող զույգ ճյուղերը։ Յուրաքանչյուր ճյուղից դեպի վեր է ձգվում խաչաձև ծաղկակիր մեկական փոքր ծիլ՝ դեպի կենտրոն թեքվածությամբ։ Խաչի չորս անկյուններում քանդակված են անվազարդեր, որոնք խորհրդանշում են Աստծո գահը մշտարթուն պահող երկնային էակներին և Աստծուն ամենամոտ հրեշտակների առաջին եռյակում դասակարգված Գահերին (Եզեկիել Ա 15 - ԺԱ 22)։ Բարավորի շրջանակի բազմաշերտ կամարի կենտրոնական քարի վերնամասը նույնպես զարդարված է եռատերև նախշերով2։ Կառույցը լուսավորվում է հինգ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան, ևս մեկը՝ հարավային ճակատից։ Վերջինս խորհրդային տարիներին լայնացվել է, երբ եկեղեցին օգտագործվում էր տնտեսական նպատակներով։

Եկեղեցու բակում՝ մուտքից աջ, տեղահանված և անկանոն կառուցվածքով արձանագիր քար է տեղադրված։ Հյուսիսային կողմում գտնվում է գյուղի հին գերեզմանոցը։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է 17-րդ դարում։ 19-րդ դարում հնի տեղում կառուցվել է ներկայիս եկեղեցին։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ (1895) և պատմաբան Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ․ երեքն արևելյան կողմում են, մեկը՝ արևմտյան, ևս մեկը՝ հարավային կողմում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ։

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք տանիքը ի սկզբանե ծածկված է եղել կղմինդրով, որը հետագայում փոխարինվել է ազբեստե (կտավաքար) թիթեղով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են կիսամշակ և անմշակ քարերով, ամրացված կրաշաղախով։ Սրբատաշ են բացվածքների, որմնախորշերի և կամարների եզրաքարերը։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
12 մ
Չափերը` լայնությունը
8 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վարդաշատ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
Հնում հայտնի էր Վրդնաշատ (Վրթնաշատ) տարբերակով։ Անվան ծագումը կապված է գյուղի՝ բերրի և որդերով առատ հողեր ունենալու հետ։ Խորհրդային տարիներին կոչվել է նաև Էդիշա։

2 Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։


Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895:

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985 (երկրորդ հրատարակություն)։
.
Գ․Բ․