Դադիվանք, Անանուն անապատ
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Անհայտ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է միջնադարում, հավանաբար՝ 12-13-րդ դարերում։ Գործել է մինչև 14-րդ դարը։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գավիթ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերձոր (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի շրջան (Քարվաճառ), գյուղ Դադիվանք

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 15,5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դադիվանք գյուղից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ Կուսանաց Սուրբ Աստվածածին վանքի հանդիպակաց կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1339 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ գետից շուրջ 550 մ հյուսիս՝ զառիթափ լեռնալանջի ուղղաձիգ ժայռագոտու ներքո։
Նկարագրություն
Հռչակավոր Դադիվանքից շուրջ 2,5 կմ հյուսիս-արևմուտք և Կուսանաց Անապատ (Սուրբ Աստվածածին) վանքից ոչ հեռու գտնվող այս գողտրիկ և թաքնված հնավայրի վերաբերյալ որևէ պատմական տեղեկություն հայտնի չէ։ Վանքի պատերին և շրջակայքում ևս վիմագրեր չեն պահպանվել։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Կուսանաց վանքին հարևանությամբ տեղադրությունը Հարանց անապատ պետք է լիներ1։

Վանքը գտնվում է Տրտու գետի ձախափնյա քարքարոտ լեռնալանջին՝ հսկա ժայռագոտու ստորին հատվածում՝ մասամբ մխրճված ուղղաձիգ ժայռերի մեջ։ Համալիրը բաղկացած է փոքրաչափ միանավ եկեղեցուց և արևմուտքից կցված գրեթե նույնչափ գավթից։ Կառուցված է հարևան ժայռերից պոկված կոպտատաշ քարերով։ Եկեղեցու և գավթի թաղածածկերը չունեն հավելյալ ամրացնող որմնակամարներ։ Ներսից պատերը սվաղված են։
Համալիրն ընդհանուր երկու մուտք ունի, որոնք բացված են գավթի և եկեղեցու արևմտյան պատերից։ Արտաքին կամ գավթի մուտքի վերնամասը կամարակապ է, որի բարավորը չի պահպանվել։ Գավիթը լուսավորվել է հարավային պատից բացված երեք փոքրաչափ, դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Եկեղեցին իր հերթին լուսավորվել է հարավային և արևելյան մեկական լուսամուտներով։
 
 

Ուշագրավ է եկեղեցու կիսաշրջանաձև խորանի հորինվածքը, որը ներառում է գմբեթարդի վրա սվաղով արված տասներկու ճառագայթները, խորանի կենտրոնական լուսամուտի կամարաձև վերնամասում սվաղով քանդակված խաչապատկերը, ինչպես նաև բուն լուսամուտը։ Այս տարրերը միահյուսված կերպով հիշեցնում են Քրիստոսի առաքյալների վրա վերնատանն իջած կրակե լեզուները և լուսեղեն Սուրբ Հոգու գալուստը2։

Սվաղով քանդակի օրինակներ են պահպանվել նաև հարևանությամբ գտնվող Կուսանաց վանքի սյունասրահի կամարներին։


Հետաքրքրական է նաև խորանի հյուսիսային պատից դեպի տանիք բարձրացող աստիճանավոր անցուղին։ Եկեղեցու և գավթի պատերին կան տարբեր չափերի պատրհաններ։ Գավթի հարավային պատի տակ՝ կենտրոնական լուսամուտի ուղղությամբ, կա փոքրաչափ շտեմարան, որը, հավանաբար, նախատեսված է եղել սննդամթերք ամբարելու համար։

Տեղադիրքից ելնելով՝ շինությունների տանիքը կառուցվել է եկեղեցական ճարտարապետությանն անսովոր, միայն դեպի հարավ թեքված ծածկով, որի ծածկասալերը չեն պահպանվել։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 
 Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ հավաստի փաստաթղթի
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

1986 թվականին հուշարձանի առաջին մասնագիտական ուսումնասիրությունն իրականացրել է ճարտարապետ Մանվել Սարգսյանը։ Հոդվածը հակիրճ ճարտարապետական նկարագրության և չափագրության տեսքով 1989 թվականին հրապարակվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 7-րդ համարում3։
1993 թվականին Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանության վարչության արշավախումբը՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ, ավելի մանրամասն ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքները հրատարակվել են 2007 թվականին4։

Պատմական համառոտ տեղեկանք
Հնավայրի վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կապտադեղնավուն ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ընդհանուր երկու մուտք՝ բացված գավթի և եկեղեցու արևմտյան պատերից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտներն ընդհանուր հինգն են․ երկուսը բացված են եկեղեցու արևելյան և հարավային պատերից, իսկ երեքը՝ գավթի հարավային պատից։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Անապատ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Արցախի Վերին Խաչենի միջնադարյան հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Տե՛ս Կարապետյան Ս., 2019, էջ 366-367։
2 Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։
3 Саркисян М., 1989, стр. 82-92։
4 Սիմոնյան Հ․, 2007, էջ 10:  
Չափագրություններ
Անանուն անապատի հատակագիծը
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ