Կարմիր գյուղ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կանգնեցվել է 1970 թվականին՝ ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված Կարմիր գյուղի բնակիչների։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է նույն թվականի մայիսի 9-ին։ Հուշարձանն իր նպատակին է ծառայել մինչև 2023 թվականը։
Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), 1992-2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1237 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Հուշարձանը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի կենտրոնական բարձրադիր հատվածում՝ Խութ կոչվող տեղամասում։ Կանգնեցվել է 1970 թվականին՝ ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված 103 մարտիկների։ Հուշարձանը հեղինակել է քանդակագործ Անդրանիկ Բագոյանը։
Քառանիստ պատվանդանի վրա բարձրանում է ուղղաձիգ, քառակող սյուն, որն իր վրա է կրում անհայտ զինվորի կիսանդրին՝ զինվորական համազգեստով, սաղավարտով և ինքնաձիգը ձեռքին։ Զինվորի զգաստ հայացքը ուղղված է դեպի հեռուն։ Հետաքրքրական է, որ մեկ ամբողջական քարից կերտված կիսանդրին և քառանիստ կոթողը թեև մեկ ամբողջականություն են կազմում, սակայն առանձնանում են մշակման տարբեր ձևերով։ Կոթողի չորս մակերեսները և բուն քանդակը մշակված են, իսկ վերևում անմշակ թվացող ժայռազանգվածի հատվածը զինվորի թիկունքում ծածանվող հաղթական դրոշն է պատկերում։ Քանդակից ներքև՝ հուշասյան դիմահայաց կողին, փորագրված է․ «1941-1945 | ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԻՑ | ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ | ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ | ՄԱՐՏԻԿՆԵՐԻ | ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։ Տարեթվերի միջակայքում հնգաթև կարմիր աստղն է։
Քառակող սյան ստորին հատվածում՝ պատվանդանի վրա, տեղադրված է յուրօրինակ մետաղական ծաղկեպսակ-զամբյուղ, որը վերնամասում պսակվում է հնգաթև աստղով։ Ծաղկեպսակից ցած՝ պատվանդանի դիմահայաց ճակատին, փորագրված է անմահ մարտիկներին ձոնված հետևյալ բանաստեղծությունը․
***
Դուք ծաղիկներ եք ցանել աշխարհում,
Որ բերել են մեզ բերք ու բարիքներ,
Դրա համար էլ գլուխ խոնարհում,
Ու համբուրում ենք շիրիմները ձեր,
Թող բազալտակերտ հուշարձանն այս
Անթառամ պահի հիշատակը ձեր,
Դուք հողի պես սուրբ ու համասփյուռ,
Մեր հայրենիքի անմեռ զավակներ։
***
Քանդակային այս հորինվածքը տեղադրված է ոչ բարձրանիստ, նույնպես քառակող, ավելի լայն պատվանդանի վրա, որի դիմահայաց հատվածում դեպի կոթողը տանող երեք աստիճաններ են։ Հուշասյան աջ և ձախ կողմերում տեղադրված են սև գրանիտե հղկված սալաքարեր, որոնց վրա փորագրված են պատերազմում զոհվածների անունները։
Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Ուշագրավ են նաև այս երկու սալերի վրա փորագրված գծապատկերները, որոնք կենտրոնական հուշասյան աջ և ձախ կողմերում են․ աջից (ձախակողմյան քարին) քանդակված է զինվորին ճանապարհող լացող կնոջ պատկերը, իսկ ձախից (աջ քարին)՝ ձիթենու հաղթական ճյուղը և հիշատակի անմար կրակը կրող կնոջ այլաբանական կերպարը։ Յուրաքանչյուր քարի կենտրոնական մասում ագուցված է խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնու բետոնե քանդակ։
Հուշարձանի տարածքը պարսպապատ էր՝ ծաղկի հունդերով ձևավորված։ Մուտքի մոտ կար նաև ցայտաղբյուր։ 50 մ հեռավորության վրա հետագայում կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի և 1921 թվականին Շուշիում բարբարոսաբար սպանված տռնավարզցիների (կարմիրգյուղացիներ) հուշարձանը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1970 թ.)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ ականատեսների վկայության Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Անդրանիկ Բագոյան Հեղինակի որոշման աղբյուրը
Հեղինակի ճշգրտման աղբյուրն է հանդիսացել քանդակագործի դուստրը։ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1970 թվականին։ Հուշարձանի հետնամասում կառուցվել էր նաև փոքրիկ ապակեպատ շինություն, որտեղ ցուցադրված էին զոհված և անհայտ կորած զինվորների լուսանկարները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վնասվել է և ավերվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Հուշարձանը բաղկացած է կենտրոնական ուղղաձիգ և քառանիստ բազալտե կոթողից, որի վերնամասում անհայտ զինվորի կիսանդրին է։ Կոթողի երկու կողմերում՝ գրանիտե հղկված սալաքարերի վրա, փորագրված են կարմիրգյուղցի զոհվածների և անհայտ կորածների անունները։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ, սև գրանիտ
Տիպը
Պատերազմում զոհվածների հուշարձան Չափերը` երկարությունը
Մոտ 6,5 մ Չափերը` բարձրությունը
Կենտրոնական կոթողի՝ կիսանդրու բարձրությունը մոտ 4 մ է Չափերը` տարածքի մակերեսը
402 մ² Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հուշարձանը դարձել էր ուխտավայր Կարմիր գյուղի բնակիչների համար։ Ամեն տարի՝ մայիսի 9-ին, գյուղի բնակիչները այստեղ էին հավաքվում և հիշատակի արարողություն մատուցում, դպրոցականները հանդիսավոր միջոցառում էին կազմակերպում և ծաղիկներ խոնարհում զոհված հայրենակիցների անմահ հիշատակին։ Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․