Կավաքավանք, Սուրբ Հակովիկի տապանաքար
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Սուրբ Հակովիկի (Հակոբի) տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար-հուշակոթող, սրբատեղի

18-րդ դարում կերտվել և որպես գերեզմանային կոթող տեղադրվել է եկեղեցու հարավային ավանդատան մեջ՝ սուրբ Հակովիկի հիշատակին։ 2020 թվականի հոկտեմբերից Կավաքավանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Կավաքավանք
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում, իսկ 1868-1917 թթ․ կցվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինի գավառի Ջաբրայելի գավառակին։ Խորհրդային տարիներին Կավաք լեռը և վանքը եղել են Հադրութի և Ֆիզուլու շրջանների սահմանագիծը։ 1993 թվականից մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրակուս, Հողեր գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հողեր գյուղից 5,5 կմ հյուսիս-արևելք՝ Կավաքավանքի եկեղեցու ներսում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 705 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ գետից 1 կմ հարավ՝ Կավաք լեռան գագաթին։
Նկարագրություն
Ըստ ժողովրդական ավանդապատման՝ տապանաքարը կերտվել է 18-րդ դարում՝ ի հիշատակ Հակոբ անունով մի քրիստոնյայի, որն իր հավատքի համար նահատակվել է պարսից թագավորի կողմից։ Նահատակի մարմինը ամփոփվել է Կավաք լեռան գագաթին՝ մոր և քրոջ կողմից։ Սրբի գերեզմանին կառուցվել է մատուռ, որը հետագայում մեծ և հռչակավոր ուխտատեղի է դարձել։ 18-րդ դարի կեսերին այստեղ կառուցվել են նոր մեծ եկեղեցի, օժանդակ շինություններ, և սրբատեղին վերածվել է վանական մեծ համալիրի։

Սպիտակ կրաքարից նորակերտ արձանագիր տապանաքարը տեղադրվել է սրբի գերեզմանին1, որը գտնվել է եկեղեցու հարավային ավանդատան տեղում։
Այն ուղղանկյունաձև հարթ քար է, որի վրա չորս գծային շրջանակներից երեքի մեջ փորագրված է «Այս է տապ|ան ս[ու]րբ Յակ|ովիկայ»2 եռատող արձանագրությունը։ Վերջինս հավանաբար անավարտ է։ Այդ մասին է վկայում չորրորդ դատարկ մնացած շրջանակի առկայությունը։

Խորհրդային տարիներին հայ ուխտավորների հոսքը դեպի սրբատեղի դադարել է։ Տապանաքարը տեղահանվել և տեղափոխվել է եկեղեցու սրահ։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական զինուժի կողմից Կավաքավանքը ենթարկվել է վանդալիզմի։ Ջարդվել է նաև այս տապանաքարը, բարեբախտաբար արձանագրության հատվածն ամբողջությամբ պահպանվել է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարն ուսումնասիրել և արձանագրությունը առաջինը ներկայացրել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» աշխատության 5-րդ հատորում (1982)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար

Տիպը
Հարթ, ուղղանկյունաձև տապանաքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Կավաքավանքի պատմության, ինչպես նաև Արցախում քրիստոնեության տարածման, ժողովրդական սրբատեղիների պատմության, ավանդապատումների և ավանդույթների ուսումնասիրության համար։
----------------------------
1Տե՛ս Ջալալեանց Ս․, 2016, էջ 498։
2Բարխուդարյան Ս․, 1982, էջ 179։

Լուսանկարներ