Թաղոտ, Խոջա Ղազարի աղբյուր
Հուշարձան
Հատուկ անունը
Խոջա Ղազարի աղբյուր
Այլ անվանումներ
Շենին աղբյուր, Ճվավանքի աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1738 թվականին, օգտագործվել մինչև 2000 թվականը։ Գյուղի բնակելի տների ջրաֆիկացման պատճառով ջրի հոսքը փոխվել է, և աղբյուրը դադարել է գործել։

Սկզբնական պատկանելությունը
Թաղոտ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Թաղոտ գյուղը մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղոտ գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 843 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 200 մ հարավ։
Նկարագրություն
Թաղոտի աղբյուրը համարվում է Արցախի աղբյուրաշինության լավագույն օրինակներից մեկը։ Այն ուղղանկյուն հատակագծով և կամարակապ ծածկով շինություն է՝ կառուցված դեղնասպիտակավուն սրբատաշ կրաքարով։ Աղբյուրը կառուցվել է 1738 թվականին՝ Խոջա Ղազարի կողմից։ Վերջինս աղբյուրի ետնապատի կենտրոնական հատվածում թողել է հիշատակագրական արձանագրություն․ «Այս է աղբուրս ղափանեցի | եւ Աղվէրծու խօճայ Ղազարի|ն, որ եկ ի Դզաղ՝ Թաղօտ գեղն, Ռ|ՃԿԸ (1719) էր։ Շինեց ի յիշատակն ննջ|եցելոց իմոց ազգականաց Ղազ|արին, մայր իւր՝ Մարեանին, սոքայ | են աշխատաւորքն, թվ(ի)ն ՌՃՁԷ (1738)»1
Աղբյուրի շինարարական արձանագրությունը
 

Տեղացիների կողմից աղբյուրը, որի ջուրը կավե խողովակներով բերված էր գյուղից ոչ հեռու գտնվող Ճվավանքից, հաճախ անվանվում էր նաև Ճվավանքի աղբյուր։ 1960-ական թթ․ աղբյուրի հիմնական հունի սակավաջրության պատճառով Քաշկեն և Թեղուն աղբյուրներից անցկացվեց մետաղյա նոր խողովակաշար, և աղբյուրը կրկին վերամատակարարվեց ջրով։

Աղբյուրի ծորակը տեղակայված է ետնապատի ստորին հատվածի կենտրոնում։ Թաղակապ ծածկի տակ գտնվող միակտոր քարից կերտված ուղղանկյուն գուռը մեզ է հասել ջարդված վիճակում։ Շինությունից դուրս՝ վերջինիս ձախ կողմում, կենդանիների համար նախատեսված երկայնական նավը սրբատաշ քարերով է կառուցված։

2000 թվականին գյուղի բնակելի տների ջրաֆիկացման հետևանքով աղբյուրի ջրի հոսքը փոխվել է, և այն դադարել է գործել։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Աղբյուրը կառուցվել է 1738 թվականին, անխափան գործել է մինչև 2000-ական թթ․։ 2000 թվականին ջրի բացակայության պատճառով դադարել է գործել։ 2020 թվականի հոկտեմբերից Թաղոտ գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Աղբյուրն ուսումնասիրել և վիմագրի առաջին ընդօրինակողն է եղել Խաչիկ վարդապետ Դադյանը (1888-1894)։

Հուշարձանի մասին տեղեկություններ է հաղորդում հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում (1985):

2021 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 15-րդ համարում Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ լույս է տեսել «Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները» հոդվածը:

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ աղբյուր

Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, կրաշաղախ

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեթ, քարաշեն (չի պահպանվել)

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական աղբյուր
Չափերը` լայնությունը
2 մ
Չափերը` բարձրությունը
2,1 մ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դիզակի մելիքության և Թաղոտ գյուղի պատմության ուսումնասիրության համար։ Խոջա Ղազարի աղբյուրը Արցախի աղբյուրաշինության լավագույն օրինակներից է։
----------------------------
Աբրահամյան Է., 2021, էջ 64։
  Տե՛ս նաև Մկրտչյան Շ․, 1985, էջ 117:


Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Աբրահամյան Է․, 2021 - Աբրահամյան Էմմա, «Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները», «Վարձք», Երևան, № 15, 2021, էջ 59-64։

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․, Ս․Դ