Կավաքավանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Կավաքավանք
Այլ անվանումներ
Կավաք վանք, Կյավաք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ըստ պատմական հիշատակումների՝ սրբավայրը գոյություն է ունեցել առնվազն 7-րդ դարից։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1742 թվականին։ Այն կարևոր ուխտատեղի է եղել ոչ միայն Դիզակ գավառի, այլև շրջակա գյուղերի բնակչության համար։ 19-րդ դարի սկզբին դադարել է գործել որպես եկեղեցի։ Այնուհետև մինչև Խորհրդային Միության առաջին տարիները վանքը եղել է սրբատեղի գավառի հայ բնակչության համար։ 1938 թվականին Հողեր գյուղը ԼՂԻՄ-ից օտարելու և Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլու շրջանում ընդգրկելու պատճառով Կավաք լեռը և նրա գագաթին գտնվող վանքը դարձան սահմանային, դրանից հետո ուխտագնացների և հավատացյալների հոսքը կտրուկ նվազեց։ Արցախյան պատերազմի ընթացքում Կավաք լեռը ականապատվել է։ 1993 թվականին՝ ազատագրումից հետո, սրբատեղին վերագտել է իր նշանակությունը, սակայն ականապատ գոտի լինելու պատճառով համարվել է վտանգավոր և դուրս է մնացել զբոսաշրջային երթուղիներից։

2020 թ․ հոկտեմբերից Կավաքավանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից և լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը եկեղեցում իրականացնում է, այսպես կոչված, «շինարարական» աշխատանքներ։

Սկզբնական պատկանելությունը
Դիզակի մելիքություն
Պահպանման միավորի անվանումը
Վանք (պահպանվել է միայն եկեղեցին)

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար, տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում, իսկ 1868-1917 թթ․ կցվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինի գավառի Ջաբրայելի գավառակին։ Խորհրդային տարիներին Կավաք լեռը և վանքը եղել են Հադրութի և Ֆիզուլու շրջանների սահմանագիծը։ 1993 թվականից մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրակուս, Հողեր գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հողեր գյուղից 5,5 կմ հյուսիս-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 705 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ գետից 1 կմ հարավ՝ Կավաք լեռան գագաթին։
Նկարագրություն
Վանքը գտնվում է Հադրութի շրջանում՝ Իշխանագետի հովտում՝ հարթավայրում առանձնացող Կավաք1 լեռան գագաթին։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է հին սրբավայրի տեղում 1742 թվականին։ Վանքի հիմնադրման մասին պատմական հիշատակումներ չկան։ Սակայն սրբավայրը հայտնի է առնվազն 7-րդ դարից2։ Ըստ ավանդապատման՝ Հակովիկ (Հակոբ) անունով մի քրիստոնյա իր հավատքի համար նահատակվում է պարսից թագավորի ձեռքով։ Տղայի մարմինը գտնում են նրա մայրը և քույրը, բերում, ամփոփում Կավաք լեռան գագաթին։ Նրա գերեզմանի տեղում կառուցվում է մատուռ, որը մեծ և հռչակավոր ուխտատեղի է դառնում3։ Հետագայում այդ վայրում կառուցվում են եկեղեցի և օժանդակ վանական շինություններ։ Միևնույն ժամանակ նահատակի հիշատակին կերտվում է նոր տապանաքար։ Հավանաբար հին մատուռը համապատասխանում է եկեղեցու հարավային ավանդատանը, քանի որ սրբի գերեզմանը գտնվում էր այնտեղ։
Եկեղեցու բարավորին փորագրված է եղել հինգ տողից բաղկացած շինարարական այս արձանագրությունը. «Թվ[ի]ն ։ՌՃՂԱ։ (1742). | Յիշատակ է Սարքիսի | ո[ր]դի Իսուն, մօրն Զոլալին, իխ|պօրն կողակից Յերիքնազին, որ|թոնցն եւ դո[ւ]ստիրաց: Ա[ստուա]ծ ողորմի»4: Արձանագրության ստորին աջ հատվածում փակագրով փորագրված է Գրիգոր անունը։ Վերջինս, ըստ վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի, հավանաբար գրչի անունն է։ Պատմաբան Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ վերոնշյալ Գրիգորը Դիզակի քարգործ վարպետներից էր, որը վերակառուցել է եկեղեցին՝ Հողեր, Գյումուշ և Չիման գյուղերի հավատացյալների օժանդակությամբ։ Եկեղեցու մուտքի արձանագիր բարավորը Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացվել է։ Քերվել են նաև մուտքի շրջանակի հյուսիսային եզրաքարին փորագրված հիշատակագրական արձանագրությունները, Դիզակի իշխանության զինանշանը, ինչպես նաև պատերից տեղահան են արվել և ոչնչացվել նվիրատվական մի քանի խաչքար։

Շինությունն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ եռանավ կառույց է։ Կենտրոնական թաղածածկը հենված է չորս ուղղանկյուն սյուներից և արևելյան ու արևմտյան պատկից զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա, իսկ կողային նեղ նավերի թաղերը՝ կենտրոնական սյուներից և պատկից որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Արևելքից կիսաշրջանաձև հատակագծով խորանն է, որի կենտրոնական հատվածում բացված է երկայնաձիգ, կամարակապ վերնամասով, դեպի ներս լայնացող նեղ լուսամուտ։ Խորանի կողապատերին կան կամարակապ, սրբատաշ շրջանակով պատրհաններ։ Բարձրադիր բեմը պահպանվել է մասամբ։ Ձախ կողմից դեպի խորան է բարձրանում աստիճանների երեք շարք, իսկ աջ կողմից մնացել է միայն երկուսը։ Եկեղեցին լուսավորվում է չորս նեղ լուսամուտներով, որոնցից երկուսը բացվում են ավանդատներից, մեկն՝ արևմտյան ճակատից, մյուսը՝ խորանից։ Երկթեք տանիքի կենտրոնական հատվածում եղել է զանգակատուն-ռոտոնդա, որը չի պահպանվել։ Այս մասին հուշում է արևելյան երկու սյուները միացնող կամարի մոտ բացված փոքրիկ երդիկը։

Կառույցին առանձնակի շուք է հաղորդում արևմտյան ճակատից բացված կիսակլոր, կամարակապ շքամուտքը՝ գեղեցիկ, եռագոտի շթաքարային մշակումով։ Այն առանձնանում է շթաքարային տարրերի պարզ գծածավալային ընդգծումներով և յուրաքանչյուրի կենտրոնում գնդերի առկայությամբ, որը հորինվածքին հաղորդում է նաև ծավալային հարստություն։ Շքամուտքերի նմանատիպ շթաքարային լուծումները հատուկ են հայկական ճարտարապետության ուշ միջնադարյան հուշարձաններին, իսկ ուղղակիորեն նույն հորինվածքին հանդիպում ենք նաև Հադրութի շրջանի Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու շքամուտքի երկգոտի հարդարանքում։ Ինչպես վերը նշվեց, մուտքի արձանագիր բարավորը և այն կրող շրջանակը չեն պահպանվել։ Հին լուսանկարները վկայում են նաև վերջիններիս բազմաշերտ և հարուստ զարդաքանդակների մասին, որոնք միանգամայն համահունչ էին եկեղեցու մյուս հատվածներում պահպանված զարդաքանդակների հետ։ 
Եկեղեցու հարդարանքը ներսից նույնպես զուսպ է։ Այստեղ հատկապես առանձնանում են կրաքարի երեք մեծ սրբատաշ քարերից կազմված ավանդատների մուտքերի շրջանակները և բեմառէջքը՝ իրենց բազմապիսի պարանահյուս և բուսական զարդաքանդակ գոտիներով։ Ավանդատների մուտքերը երիզող շրջանակների անկյունները մշակված են հաստ պարանահյուս գոտով, որը հիմք է առնում երկու կողմից՝ ստորին հատվածներում քանդակված երկարաձիգ անոթներից, իսկ ճակատները և կողային հարթությունները հարդարված են նուրբ բուսազարդ ժապավեններով։ Բեմառէջքին պահպանվել են միայն աստիճաններին մոտ՝ երկու կողմից քանդակված հյուսվածազարդ վարդյակները։
Աջակողմյան ավանդատան մուտքին՝ ճակատի կենտրոնական հատվածում, քանդակված էր Դիզակի մելիքության զինանշանը՝ երկգլխանի արծիվը, որը վանդալիզմի է ենթարկվել Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Վերջինիս ձախ կողմում առ այսօր պահպանվել է մի խորաքանդակ պարզ խաչ։ 
Դիզակի մելիքության զինանշանը մինչև պատերազմը և պատերազմից հետո։ | Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի և Գայանե Բուդաղյանի
 

Եկեղեցու հարավային ավանդատան մեջ է եղել «Յակովիկ» (Հակոբ) սրբի գերեզմանը։ Խորհրդային տարիներին տապանաքարը հայտնվել է եկեղեցու սրահում։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին այն ևս ենթարկվել է վանդալիզմի։ Տապանաքարի ջարդած բեկորին պահպանվել է «Այս է տապ|ան ս[ու]րբ Յակ|ովիկայ»6 արձանագրությունը։
Հիշատակվում է ևս մեկ տապանաքարի մասին, որը գտնվում էր եկեղեցու հարավային պատի տակ և ուներ երեք տողանոց հետևյալ արձանագրությունը․ «Այս է տապան Պետրոս պապին | որ է ․․․․․| Թվին ։ՌՂԸ։ (1649)»7։ Սա նույնպես չի պահպանվել։

Եկեղեցուց բացի՝ վանքն ունեցել է նաև օժանդակ այլ շինություններ, որոնք, համաձայն Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի վկայության, 19-րդ դարի վերջին արդեն ավերակ են եղել։ Հեղինակը նշում է նաև, որ «․․․․արևելքից արևմուտք ճաքած է վանքիս գագաթն»8։

Եկեղեցու արևմտյան բակում 1995 թվականին կանգնեցվել է զոհված ազատամարտիկներ Արայիկ Հարությունյանի և Յուրա Կարապետյանի հիշատակի խաչքարը։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորի արձանագրության (չի պահպանվել)

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Սրբատեղին պատմական աղբյուրներում հիշատակվում է 7-րդ դարից։ 18-րդ դարում վերակառուցվել է ներկայիս վանքը, իսկ եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1742 թվականին։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կավաքավանքի մասին հիշատակվում է Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1856), ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» (1895), վիմագրագետ Սարգիս Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» (1982) աշխատություններում։ Եկեղեցուն անդրադարձել են հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985), հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» (2017) գրքերում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով եռանավ թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները չորսն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան ճակատից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Շքամուտքի և ավանդատների մուտքերի շրջանակները, կամարները, որմնակամարները, քիվերը, ինչպես նաև շինության արտաքին անկյունները երեսպատված են սրբատաշ կրաքարով։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքի հիմնական մաս են կազմում գեղաքանդակ հարուստ շքամուտքը, ավանդատների մուտքերը և բեմառէջքը։ Պատերին ագուցվել են նվիրատվական բնույթի փոքրաչափ խաչքարեր։

Տիպը
Վանք-սրբատեղի
Չափերը` երկարությունը
12,8 մ
Չափերը` լայնությունը
9,8 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դիզակի Մելիք-Եգանյանների իշխանական տան պատմության, գավառի հոգևոր կյանքի, ինչպես նաև Արցախում քրիստոնեության տարածման և ժողովրդական սրբատեղիների պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը նշում է լեռան «Հակովիկ» անվանաձևը։
2Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 71։
3Տե՛ս Ջալալյանց Ս., 2016, էջ 498։
4Բարխուդարյան Ս․,1982, էջ 179։
5Մկրտչյան Շ․,1985, էջ 113։
6Բարխուդարյան Ս․, 1982, էջ 179։
7Նույն տեղում։
8Բարխուտարեանց Մ․,1895, էջ 71։

Չափագրություններ
Կավաքավանքի եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ