Մարիամաձոր, Վնեսաբերդ ամրոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Բերդ-ամրոց
Հատուկ անունը
Վնեսաբերդ
Այլ անվանումներ
Հովհաննեսի բերդ, Վնեսին բերդ, Վնեսա Ղալա, Ավան հարյուրապետի բերդ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնվել է միջնադարում (12-14-րդ դդ․) և որպես Բերդ-ամրոց ծառայել է հավանաբար մինչև 18-րդ դարը։ Ուշ միջնադարում բերդին տիրել են Դիզակի մելիքները՝ Եգանյան-Ավանյանները։ Հավանաբար ամրոցը լքվել է 19-րդ դարասկզբին։

Սկզբնական պատկանելությունը
Առանշահիկների իշխանություն (Դիզակի ֆեոդալներ)

Պահպանման միավորի անվանումը
Բերդ-ամրոց

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մարիամաձոր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մարիամաձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մարիամաձոր գյուղից 2,3 կմ հարավ-արևմուտք՝ Կարմրակուճ և Քյուրաթաղ գյուղերը կապող անտառային ճանապարհի ձախ կողմում՝ անտառապատ լեռան գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1177 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետից 4,5 կմ հարավ։
Նկարագրություն
Վնեսա բերդը գտնվում է Հադրութի շրջանում՝ Իշխանագետի հովտում՝ Արևասար լեռնաշղթայի Վանեսասար1 լեռան գագաթին։ Տեղաբնակները բերդը և լեռը անվանել են Վնեսա, որը Հովհաննես անվան հնչյունափոխված տարբերակն է։ (Վնեսա անունը կապված է ոմն Հովհաննեսի` Վանեսի անվան հետ, որից անվան այս ձևը տեղաբնիկների կողմից փոխանցվել է թե բերդին, և թե լեռանը)։ 

Բերդը գտնվում է Քյուրաթաղ-Հադրութ բնակավայրերը կապող անտառային ճանապարհի աջ կողմում՝ մոտավորապես 50 մ հյուսիս՝ անտառապատ բլրի գագաթին: Այն երեք կողմից պաշտպանված է խոր ձորերով և միայն արևմտյան հատվածում է նեղ պարանոցով միանում Վնեսա սարին։ Տեղանքից ելնելով՝ բերդի պարիսպները հատակագծում անկանոն ուղղանկյունաձև կառուցվածք ունեն։ Ամրոցը պաշտպանված է միաշարք պարսպաշարով և բերդաշտարակներով։ Հարավային կողմից հիմնական պարսպի և աշտարակների հիմքերը ամրացված են արևելքից արևմուտք ձգվող կրկնապարիսպ հենապատով։ Ամրոցի արևելյան պարիսպները չեն պահպանվել, միայն տեղ-տեղ հստակ ուրվագծվում են հիմնապատերը։ Լավագույն պահպանված հատվածը բերդի հարավային և արևմտյան պարիսպներն ու աշտարակներն են։ Բոլորաձև աշտարակներից երկուսը գտնվում են ամրոցի արևմտյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ հենց արևմտյան հատվածում գտնվող երկու բոլորաձև աշտարակների միջև էլ գտնվել է ամրոցի մուտքը, որը փլուզումների հետևանքով ժամանակի ընթացքում ծածկվել է հողով։ Ամրոցի տարածքում շինությունների պահպանված հատվածներից հստակ երևում է, որ դրանց մի մասը եղել է փայտածածկ։ 19-րդ դարավերջին այստեղ այցելած ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նկարագրում է դեռևս կանգուն շինությունները․ «Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բակերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ»2։
Ամրոցի պատերը հիմնականում շարված են տեղական անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։

Իր ռազմավարական դիրքի շնորհիվ՝ բերդը կարևոր կապող օղակ էր հարավային Արցախի մյուս ամրությունների՝ Ցորաբերդի, Դիզափայտի, Գոռոզի, Քթիշի, Ղլեն քարի ամրոցների միջև։ Վնեսաբերդի պաշտպանները ամբողջությամբ վերահսկում էին Արաքս գետից հյուսիս ընկած հարթավայրային տարածքների անցուդարձը և վտանգի դեպքում հատուկ ազդանշանային միջոցներով կապ էին հաստատում տարածքի պաշտպանական համակարգի մյուս ամրությունների հետ։

14-րդ դարի վերջերից բերդը հետզհետե կորցնում է իր կարևոր նշանակությունը և լքվում։ 18-րդ դարասկզբին Արցախում սկսված ազատագրական շարժումների և մելիքական իշխանությունների առաջացման հետ բերդի նշանակությունը վերստին արժևորվեց և դարձավ Ավան հարյուրապետի3 կարևոր հենակետերից մեկը։ Իր նշանակությամբ ծառայել է մինչև 19-րդ դարի սկիզբը։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 Առանշահիկների իշխանություն, 12-14-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական լուծումների և համանման պաշտպանական համալիրների համեմատական քննության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 12-13-րդ դարերում, գործել մինչև 14-րդ դարի սկիզբը։ Հետագայում՝ 18-րդ դարի սկիզբից, վերստին ծառայել է որպես պաշտպանական հենակետ մինչև 19-րդ դարասկիզբ։ 2020 թվականի հոկտեմբերից Վնեսա բերդը զավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Վնեսա բերդի մասին տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝ «Արցախ» աշխատությամբ (1895)։ Բերդին անդրադարձել է հուշարձանագետ, պատմաբան Շ․ Մկրտչյանը (1985)։ 
Ամրոցն ուսումնասիրել և չափագրել է ճարտարապետ Մանվել Սարգսյանը (1985)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ամրոցի պարիսպները հզորացված են բրգաձև աշտարակներով, որոնցից լավագույնս պահպանվել է միայն հարավարևմտյան գլխավոր աշտարակը։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ամրոցի միակ մուտքը եղել է արևմտյան կողմից (չի պահպանվել)։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Ամրոցի շինությունները եղել են թաղակապ, գերանակապ և փայտածածկ (չեն պահպանվել)։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Ամրոցը կառուցված է կոպտատաշ, անմշակ գորշ ավազաքարով, գետաքարով և կրաշաղախով։ Կառույցներում լայնորեն օգտագործվել են գերանակապ հարկաբաժաններ և փայտաշեն ծածկեր։

Տիպը
Պաշտպանական համալիր
Չափերը` երկարությունը
125 մ
Չափերը` լայնությունը
45 մ
Չափերը` բարձրությունը
Պարիսպները պահպանվել են միջինում 4 մ և առավելագույնը՝ 12 մ բարձրությամբ
Պահպանվածությունը`
Վթարային

Արժևորումը
Վնեսա բերդը Արցախի միջնադարյան ամրոցաշինության լավագույն օրինակներից է։ Այն կարևորվում է երկրամասի պատմական անցյալի, ուշ միջնադարյան մելիքական իշխանության շրջանի պաշտպանական համակարգի, ինչպես նաև քաղաքական և մշակութային կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1Լեռը կոչվում է նաև Սուրբ Վանես և Վնեսասար։
2Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 83։
318-րդ դարի առաջին քառորդում հայ ազատագրական շարժման ղեկավար Արցախում։

Չափագրություններ
Մարիամաձոր, Վնեսաբերդ ամրոց
Հեղինակ՝ Մանվել Սարգսյան
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Արզումանյան Զ․, 1985 - Արզումանյան Զավեն, «Մեծ» և «Փոքր» սղնախների հարցի շուրջ, «Լրաբեր հասարակական գիտությունների», № 4, Երևան,1985, էջ 85-92։


Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985 (երկրորդ հրատարակություն)։

.
Գ․Բ․, Ս․Դ․