Ծաղկաբերդ, Քրոնից վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Վանական համալիր
Հատուկ անունը
Քրոնից վանք
Այլ անվանումներ
Քրոնք, Քրվանք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է միջնադարում (11-13-րդ դդ․) և գործել մինչ 16-17-րդ դարերը։ Հետագայում բնակավայրը հայաթափվել է, վանքը՝ լքվել։ Տարածաշրջանում հաստատված քոչվոր խաշնարածների կողմից վանքը մասնակի քանդվել է։ 1993 թվականին՝ Քաշաթաղի ազատագրումից հետո, հայ բնակչության կողմից վերագտնվել, վերստին մաքրվել և ուխտատեղի է դարձել։ 2020 թվականի պատերազմից հետո տարածքն անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Քրվանք

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Վիմափոր եկեղեցի և վիմափոր բնակելի բազմահարկ համալիր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառ (ուշ միջնադարում՝ Գիլաբերդի գավառակի մաս)։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Ծաղկաբերդ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Ծաղկաբերդ

Տեղագրությունը
Գտնվում է Բերձորից 20 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծաղկաբերդից 2 կմ հարավ ընկած ձորակի արևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 762 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Հակարիի հովտում՝ գետի աջակողմյան ձորակում՝ ափից 900 մ արևմուտք։
Նկարագրություն
Քրոնից վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից շուրջ 2 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ձորակի մեջ։ Ձորն ավարտվում է ավազաքարե բարձր ժայռերով, որտեղ էլ գտնվում է Քրոնից վիմափոր վանական համալիրը։ Վանքի անվանումն իսկ հուշում է, որ այն ժայռափոր է։
13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, չմանրամասնելով վանքի հստակ տեղադրությունը, իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ Սյունյաց մի շարք վանքերի թվում հիշատակում է նաև Քրաւնից (Քրոնից) վանքը։ Նույն ժամանակաշրջանում Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի շարքում հիշատակում է նաև Հաբանդ գավառի Քրվանք1 գյուղը, որն ըստ հին սահմանված հարկացուցակի՝ վանքին էր վճարում 20 դահեկան։ Հարկաչափից պարզ է դառնում, որ Քրվանքը միջնադարում մեծ և մարդաշատ բնակավայր էր։

Քրվանք գյուղի տեղադրությունը ճշգրտված չէ։ Պատմաբան Ստեփան Մելիք-Բախշյանն իր «Հայոց պաշտամունքային վայրեր» բառարանում կարծիք է հայտնել, որ այն համապատասխանել է վիմափոր վանքից շուրջ 2 կմ հարավ՝ ձորակին զուգահեռ ձգվող նեղ ձորահովտում գտնվող Քյորլար2 գյուղին։ Վերջինս խորհրդային տարիներին արդեն իսկ լքված գյուղատեղի էր, որի մասին հիշատակություն չկա միջնադարում։ Ժամանակակից այլ ուսումնասիրողների կարծիքով՝ Քրվանքը եղել է ներկայիս Ծաղկաբերդ գյուղի տարածքում։ Սա ավելի համոզիչ պնդում է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Քրվանք գյուղը մարդաշատ բնակավայր էր, այնինչ Քյորլար գյուղատեղիի աշխարհագրական դիրքը չէր կարող թույլ տալ մեծ բնակավայրի առաջացում։

Վանական համալիրի ուսումնասիրությունը սկսվել է դեռևս Խորհրդային Միության վերջին տարիներից։ Ավելի մանրամասն և ճշգրտված ուսումնասիրվել է Քաշաթաղի ազատագրումից հետո՝ հայ մասնագետների կողմից։

Վանքից մեզ հասած հուշարձանները վիմափոր են՝ փորված հրաբխային և նստվածքային շերտավոր ապարների մեջ։ Ձորակի հարավային լանջի ստորոտին՝ միակտոր ժայռի մեջ, փորված է եկեղեցին, իսկ հյուսիսային կողմում՝ հսկայական ժայռերի մեջ, փորված են մեծաթիվ բազմահարկ բնակելի խցեր, որոնց մեծ մասը ներկայումս անհասանելի է փլուզված անցուղիների պատճառով։

Ժայռափոր եկեղեցին միանավ դահլիճ է՝ կիսաշրջանաձև խորանով։ Ժայռի բնական դիրքի պատճառով եկեղեցու արևելք-արևմուտք ուղղվածությունը մասամբ շեղված է դեպի հարավ։ Արտաքուստ ժայռի մեջ երևում է եկեղեցու միայն հյուսիսային հարթեցված պատը՝ իր բացվածքներով, որոնցից ուշագրավ են երկու գեղեցիկ ոճավորված լուսամուտները։ Ժայռի հյուսիսային և արևելյան ստորին հատվածները ավերված են․ չի պահպանվել ո՛չ մուտքը, ո՛չ խորանի բեմը։ Ճարտարապետ Սամվել Շահինյանի կարծիքով՝ խորհրդային տարիներին եկեղեցին պայթեցվել է ադրբեջանցիների կողմից։
Եկեղեցին չունի ընդգծված հարդարանք։ Առաստաղը հարթ է՝ բացառությամբ խորանի կամարաձև գմբեթարդի։ Տեղ-տեղ պահպանվել են սվաղի շերտեր։ Հարավային պատին փորված են անկանոն խորշեր։ Սրահի արևմտյան հատվածում ստորգետնյա փոքրիկ ուղղանկյուն սենյակ է փորված, որի մուտքը բացված է արտաքուստ հյուսիսային կողմից։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ լուսամուտների ստորին հատվածի ողջ երկայնքով ձգվող և կանոնավոր հեռավորությամբ փորված ուղղանկյուն խորշերը վկայում են, որ եկեղեցին ունեցել է գերանակապ ծածկով քարաշեն գավիթ։
Եկեղեցուց հյուսիս՝ հանդիպակաց ձորալանջի ժայռերի մեջ, կանոնավոր և վարպետորեն փորված են թվով շատ բազմահարկ կացարաններ, որոնց սենյակները նեղլիկ միջանցքներով իրար են կապված։ Վիմափոր սենյակներից շատերը իրենց բարձր դիրքի և անցուղիների փլուզումների պատճառով անհասանելի են և չեն ուսումնասիրվել։

Վանքից արևելք՝ ձորահովտում, պահպանվել են միջնադարյան գերեզմանոցի հետքեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի (10-13-րդ դդ․)

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Քրոնից վանքն առաջին անգամ հիշատակվել է Տաթևի վանքապատկան բնակավայրերի ցանկում3՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից (13-րդ դ․)։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Վիմափոր եկեղեցին իր կառուցվածքային և ճարտարապետական առանձնահատկություններով թվագրվում է 11-13-րդ դարերով։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Վանքը հավանաբար հիմնադրվել է 11-13-րդ դարերում։ Ձորակի գյուղատեղին և վիմափոր բնակատեղին Քրվանք անունով առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարից4։ Այն գործել է մինչ 16-17-րդ դարերը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Քրոնից վանքի առաջին ուսումնասիրությունն սկսվել է 1987-1989 թթ․՝ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի աշխարհագրական ընկերության քարանձավագետների կողմից։ Պատերազմի պատճառով ընդհատված ուսումնասիրությունը վերսկսվել է 2002 թվականին՝ «Հայաստանի անձավագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Գիտական արշավախմբի կազմում աշխատել են Անահիտ Պետրոսյանը, Տիգրան Կյուրեղյանը, Զոհրաբ Ըռքոյանը, Էմին Մկրտչյանը, Արտակ Մովսիսյանը և Սամվել Շահինյանը: Տեղում կատարված գիտական ուսումնասիրությունները հրատարակվել են «Հանդէս ամսօրեայ» հայագիտական ուսումնաթերթում։

2004-2019 թթ․ կատարված քարանձավագիտական միջազգային արշավախմբերի աշխատանքները, որոնք իրականացվել են «Հայաստանի Անձավագիտական կենտրոնի» ու «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ջանքերով, տպագրվել են 2020 թվականին լույս տեսած «Լեռնահայաստանի քարանձավային կառույցները․ Արցախ ժողովածուում»5։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Համալիրը փորված է շերտավոր-նստվածքային, կրաքարային և ավազաքարային ժայռազանգվածի մեջ։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Վիմափոր եկեղեցու միակ և չպահպանված մուտքը եղել է հյուսիսային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ հյուսիսային կողմից։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Վանական համալիրից պահպանված եկեղեցին և բազմահարկ կացարանները վիմափոր են։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Վիմափոր վանք (անապատ)
Չափերը` երկարությունը
12 մ
Չափերը` լայնությունը
5,8 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Վատ
Արժևորումը
Համալիրը կարևոր է Արցախի և Սյունիքի վիմափոր ճարտարապետության, ինչպես նաև եկեղեցական կյանքի և կենցաղի ուսումնասիրության համար։
----------------------------

1Քրվանք գյուղը հայտնի էր նաև Քրոնք անունով։
3Տե՛ս նույն տեղում, էջ 339:

Չափագրություններ
Ծաղկաբերդ, Քրոնից վանք
Չափագրությունը՝ Սամվել Շահինյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Օրբէլեան Ստ․, 1910 - Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910։

Շահինեան Ս․, 2002 - Սամուել Շահինեան, Նոր հնագիտական վկայութիւններ Քաշաթաղից, էջ 369-400, Վիեննա-Երևան, 2002։

Шагинян С., 2020 - Шагинян Самвел, Пещерные строения горной Армении: Арцах, Ереван, 2020.

Պողոսյան Գ․, 2022 - Գագիկ Պողոսյան-Խաղբակյան, ««Քրոնք» պաշտամունքային ժայռափոր համալիր», «Կրթամշակութային կյանքն Արցախում» գիտաժողովի զեկույցներ, Երևան, 2022։

Մելիք-Բախշյան Ստ․, 2009 - Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, 2009։
.
Ս․Դ․