Բերդաշեն, Մեծ նահատակ վանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Մեծ նահատակ
Այլ անվանումներ
Մեծ նահատակի վանք, Նահատակ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Վանքը հավանաբար հիմնադրվել է 17-րդ դարում։ Եկեղեցին կառուցվել է 1676 թվականին։ Կից շինությունները չեն պահպանվել։ Մենաստանը գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը։ Որպես ուխտատեղի է ծառայել 1830-ականներից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, այնուհետև Բերդաշեն գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Բերդաշեն գյուղ (Վարանդայի մելիքություն)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառի։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991 թվականից մինչև 2023-ի սեպտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Բերդաշեն։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Բերդաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 10,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Բերդաշեն գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ բարձրադիր բլրի մեղմաթեք տափարակի վրա։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 795 մ։
Նկարագրություն
Մեծ նահատակ վանքը գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն1 գյուղից հյուսիս-արևմուտք՝ Բերդաշեն և Աշան գյուղերի միջև գտնվող լեռան գագաթին։ Եկեղեցին կառուցվել է սրբի նահատակման վայրում, որի պատճառով լեռը նույնպես կոչվել է Նահատակ։ Վանքը բաղկացած է եղել եկեղեցուց, վանական խցերից և գերեզմանոցից։ Այս մասին ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը գրել է․ «Մի քարուկիր մատուռ է, շինուած այն բարձր սարի գագաթին վերայ (2492 ոտք), որ սահման է Աշան, Նոր-շէն և Ղզղալա գիւղերի և որ առանձնացած նայում է Աղուէ գաւառի դաշտի վերայ։ Նահատակի գերեզմանն գտնուում է մատրանս մէջ, որի շրջապատում կան խուցեր։ Երևի թէ փոքր միաբանութիւն եղած է այս տեղ. մինչև ց՛այսօր վարդապետի տափ (գետին) են անուանում արտավարը, որ կայ մատրանս ստորոտում փոքր ներքև սարալանջին վերայ, որի մէջ կայ մի շուքարան ծառ։ Մատրանս մօտ ևս կայ հանգստարան»2։ Մեզ են հասել միայն եկեղեցին և արևելյան կողմում գտնվող գերեզմանոցը։ Հիշատակված նահատակի գերեզմանը ևս չի պահպանվել։

Եկեղեցու հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ թերթաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են մուտքի բարավորի կամարակապ վերնամասը և արևելյան լուսամուտի եզրաքարերը։ Շինության արևմտյան ճակատի վերնամասում կողք կողքի ագուցված են չորս տարբեր քարեր, որոնցից եզրայինները խաչաքանդակ են։ Հատկապես հետաքրքիր են դրանց միջև տեղադրված երկու երկարաձիգ ուղղանկյուն սրբատաշ քարերը։ Ձախակողմյան քարին փորագրված է չորս տողից բաղկացած շինարարական արձանագրությունը․ «Ես ղզղալեցի Ղարայխանս շինեցի եկեղեցիս․ հայրն | իմ Ամիրխան եւ մայրն իմ Մաիրասն եւ եղբայրն իմ Սարու|խան, Պաղի, Բաբասի եւ կողայգիցն իմ Փերին եւ որդին իմ | Սարքիս․ թւին ։ՌՃԻԵ։ էր (1676)»3։
 
Մեծ նահատակ եկեղեցու շինարարական արձանագրությունը | Լուսանկարը Ժենյա Ենգիբարյանի
 
Ենթադրվում է, որ աջակողմյան քարին քանդակված են արձանագրության մեջ հիշատակված Ղարախանի ընտանիքի անդամների պատկերները։
Վերջիններս իրենց ոճով և պատկերագրությամբ հիշեցնում են տապանաքարային հորինվածք, որտեղ ներկայացված ութ կերպարներից յոթը ձախից աջ ոտքերի ուղղվածությամբ շարժվում են դեպի շարքն ամբողջացնող և իրենց հանդիպակաց շարժումով պատկերված ութերորդ կերպարը։ Բոլորը դիմահայաց են, ներկայացված են կողք կողքի, հասակով մեկ կանգնած, ծնկից ցած իջնող և կրծքի վրա խաչվող ու գոտով ամրացվող (բացառությամբ վերջինի) երկար հանդերձներով։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ հորինվածքի աջ և ձախ ծայրերում պատկերված են երկու զույգ կերպարներ։ Յուրաքանչյուր զույգի առաջին կերպարը, որ ձախից է, չափերով ավելի փոքր է մյուսներից, իսկ երկրորդը, որ առանձնանում է հատկապես իր նշաձև գնդազարդ լուսապսակով, աջ ձեռքով բռնում է առաջինի ձախ ձեռքը։ Նրանց միջև պատկերված չորս կերպարներից երեքը կարծես պարի բռնված լինեն և առաջնորդվում են իրենց առջևից գնացող չորրորդ՝ գավազանակիր անձի կողմից։ Այս խմբից առաջինի ձեռքին կուժ է, իսկ երրորդի ձեռքին` դափնի։ Նրանց շուրջ քանդակված են կերակրով լի սինիներ։ Ի տարբերություն շարքի սկզբում ներկայացված առաջին զույգի՝ թափորի վերջում ոտքերի հանդիպակաց շարժումը մատնանշում է, որ վերջիններս դեմ դիմաց են կանգնած։ Տարբերվում է նաև ձախից ներկայացված չափերով փոքր կերպարը, որի աջ ձեռքում ծառի թուփ է։ Ուշագրավ է նաև, որ բարձրաքանդակում ներկայացված բոլոր կերպարների հանդերձները գծազարդ են՝ բացառությամբ գավազանակիր կերպարի։
Ինչպես վերը նշվեց, արձանագրության և պատկերաքանդակների երկու կողմերում ագուցված են երկու փոքրիկ խաչքար։ Ակնհայտ է, որ երկուսն էլ շրջված են։ Ձախակողմյան խաչքարը տեղադրված է գլխիվայր, իսկ աջակողմյանը` աջ կողի վրա։ Մեկ այլ գլխիվայր շրջված խաչքար էլ տեղադրված է աջակողմյան բարձրաքանդակ քարի վերևում։ Այն համապատասխանում է արևմտյան լուսամուտի հարավային կողին և օգտագործված է որպես պատուհանի շրջանակ։ Արևմտյան լուսամուտի հարավային կողմում ներքուստ ագուցված է նաև մեկ այլ խաչքար։
Մեծ նահատակ եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զուգահեռ ավանդատներով։ Խորանի հյուսիսային պատի բարձրադիր և հարավային պատի ցածրադիր հատվածներում կան փոքրաչափ երկու պատրհաններ։ Խորանն ունի բարձր բեմ։ Ուշագրավ են կամարների և թաղածածկի սլաքաձև հորինվածքները, որոնք եռանկյունու սուր անկյան տեսք ունեն և գրեթե զուգահեռ են արտաքին երկթեք ծածկին։ Թաղը հենված է երկու զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Հյուսիսային որմնասյուներին՝ կենտրոնական հատվածներում, ագուցված է մեկական գեղաքանդակ նվիրատվական խաչքար։
Եկեղեցին լուսավորվում է արևմտյան ճակատին բացվող մեկ և արևելյան կողմից բացվող երեք դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևելյան լուսամուտներից երկուսը բացված են ավանդատուն-խցերից, իսկ երրորդը` խորանի կենտրոնական հատվածից։

Մուտքի բարավորը և Ղարախանի հիշատակագրական արձանագրությունը

Եկեղեցու միակ մուտքը բացված է արևմտյան պատի կենտրոնական հատվածում, որի կամարակապ վերնամասը կերտված է սրբատաշ կրաքարով։ Բարավորի վերին հատվածում եկեղեցին կառուցող Ղարախանը թողել է ևս մեկ հիշատակագրական արձանագրություն․ «Ես ղզղէլէցի | Ամիրխանէն տղայ Ղարայխա|նս եկի ուխտս ի|մ նայատակիս․ յի|շատակի իմ եկեղ|եցիս կողակից իմ | Փերուն․ ամէն»4։  
 


Եկեղեցու հարդարանքի հիմնական տարրերն են արտաքուստ և ներքուստ պատերին ագուցված նվիրատվական խաչքարերը, խաչաքանդակները, պատկերաքանդակները և զարդաքանդակ բեկորները։ Բարավորի կենտրոնական հատվածում հավասարաթև և երկճյուղ, եռաբողբոջ ելուստներով խաչաքանդակ է, իսկ ստորին եզրում՝ հյուսկեն զարդագոտի։ Հյուսվածազարդ մի խաչաքանդակ էլ ագուցված է մուտքի վերնամասի ձախ կողմում։

Եկեղեցու ներսում՝ որմնասյուներին, ինչպես նաև կառույցի տարբեր հատվածներում, ագուցված են մեկ տասնյակից ավելի նվիրատվական բնույթի փոքրաչափ խաչքարեր։ Հատկապես ուշագրավ է հյուսիսային պատի արևելյան որմնամույթի վերնամասում ագուցված արձանագիր և գեղաքանդակ խաչքարը, որի հորինվածքն ընդգրկում է գալարապտույտ խաչարմատից դեպի արևի և լուսնի սկավառակները բարձրացող և թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով ծաղկած խաչը, ինչպես նաև ձեռքերը կրծքներին խաչած, հասակով մեկ կանգնած երկու լուսապսակ կերպար։ Նրանց բարձրաքանդակները տեղադրված են հորիզոնական խաչաթևերից ցած, և յուրաքանչյուրի ոտքերի տակ նկատելի են արձանագրության հետքեր։ Այս և մի շարք այլ խաչքարեր, ինչպես օրինակ՝ նույն պատի արևմտյան որմնամույթին ագուցված խաչքարը նույնպես շրջված են, ինչը վկայում է, որ վերջիններս վերօգտագործված են ներկայիս շինության մեջ և պատկանել են ավելի վաղ շրջանի կառույցի կամ գերեզնամոցի։

Եկեղեցուց արևելք գտնվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել է տեր Մովսեսի գեղազարդ տապանաքարը, ևս մեկ օրորոցաձև հողմահարված տապանաքար և մեկ անմշակ սալատապան։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար (1676 թվական)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արևմտյան պատին ագուցված շինարարական արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Մեծ նահատակ եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ (1895)։ Եկեղեցու արձանագրությունները ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում: Հուշարձանին անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը 1985-1989 թթ․ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքի տարբեր հրատարակություններում:

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատուն-խցերով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ թերթաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները չորսն են․ երեքն՝ արևելյան, մեկը՝ արևմտյան կողմում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են կիսամշակ փոքրաչափ և երկարավուն թերթաքարով, սրբատաշ կրաքարից են լուսամուտների եզրաքարերը և մուտքի բարավորը։

Հարդարանքը
Եկեղեցու պատերին արտաքուստ և ներքուստ ագուցված են նվիրատվական և հիշատակագրական բնույթի գեղաքանդակ խաչքարեր։

Տիպը
Եկեղեցի-սրբատեղի
Չափերը` երկարությունը
12 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Պահպանվածությունը`
Վթարային

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Բերդաշեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1Բնակավայրը կոչվել է Ղզղալա, Աղվանաբերդ, Կարաքենդ, Աղջկաքենդ անվանումներով։
2Բարխուտարեանց Մ․,1895, էջ 124։
3Բարխուդարյան Ս․, 1982, էջ 157։
Արձանագրության այլ ընթերցում․ «Ես ղազղալեցի Ղարայխանս շինեցի եկեղեցիս․ հայրն | իմ Ամիրխան եւ մայրն իմ Մաիրասն եւ եղբայրն իմ Սարու|խան, Պաղի, Բաբասի եւ կողայգիցն իմ Ֆերին եւ որդին իմ | Սարքիս․ թվին ։ՌՃԻԵ։ (1676) էր» (ընթերցումը՝ Ս․ Դանիելյանի)։
4Նույն տեղում։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․ Ա․Լ-Ե, Ս․Դ․