Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի (RAA archive)
Ծամձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1696 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է կենցաղային տարբեր նպատակներով։ 1991 թվականին «Օղակ» գործողության ժամանակ գյուղը բռնազավթվել է ադրբեջանական Օմոնի կողմից և ենթարկվել ավերումների։ Եկեղեցին բարեբախտաբար չի վնասվել։ 1992 թվականին գյուղի ազատագրվելուց հետո սակավաթիվ վերաբնակիչների կողմից եկեղեցին օգտագործվել է որպես հանդիսությունների սրահ։ 2020 թվականի հոկտեմբերից Ծամձոր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Ծամձոր գյուղ Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր, արձանագրություններ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառի։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1158 մ: Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հյուսիսային հովտում` գետից 26 կմ հեռավորության վրա։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղում։ Համաձայն եկեղեցու շքամուտքի կամարի վերին աջ հատվածում 1816 թվականի վերանորոգման ժամանակ ագուցված միակտոր սրբատաշ քարին փորագրված արձանագրության` այն կառուցվել է 1696 թվականին․ «Անունն Ս[ուր]բ | եկեղեցիս | Թվին ՌՃԽԵ»։ Նույն` 1696 թվականի մեկ այլ արձանագրություն էլ ագուցված է եկեղեցու արևելյան ճակատին` կենտրոնական լուսամուտի ստորին հատվածում։
Կառույցն ուղղանկյուն հատակագծով եռանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ուղղանկյուն ավանդատներով։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին, ինչպես նաև կենտրոնական սյուներից, արևելյան և արևմտյան պատերի զույգ որմնասյուներից բարձրացող երկուական կամարների վրա։ Կառույցն ունի երկթեք ծածկ։ Հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ և կիսամշակ քարերով, սրբատաշ են բացվածքների անկյունաքարերը, որմնասյուների եզրաքարերը և որմնակամարները։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են կամարակապ շրջանակով պատրհաններ, մեկ քառանկյուն խորշ էլ արևելյան պատին է` խորանից բացվող լուսամուտի ստորին հատվածում։ Նմանատիպ պատրհաններ կան նաև ավանդատների երկու կողապատերին և հարավային պատի արևմտյան անկյունում։ Ավանդատան հարևանությամբ` հյուսիսային պատի խորշի մեջ է գտնվում մկրտության ավազանը։
Կենտրոնական թաղը հենված է սյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա, իսկ կողային նեղ թաղերը՝ կենտրոնական սյուներին և հարավային ու հյուսիսային պատերին։ Բեմը բարձրադիր է, որի երկու կողմերից դեպի խորան են տանում քառաստիճան սանդուղքները։ Հատկանշական է հարավային պատի կենտրոնից փոքր-ինչ ձախ գտնվող խորանաձև կամարակապ շքամուտքը։ Մուտքը երիզված է սրբատաշ մեծ քարերով, որոնց վերնամասում ընդգծված քիվերի վրա հենվող կամարի ներքո հովհարաձև եզրագոտով գեղեցիկ կիսաշրջանաձև բարավորն է։ Քիվերի եզրերից դեպի վեր բարձրացող խորանի շրջանակը ստեղծում է ծավալուն ուղղանկյուն հորինվածք, որի կենտրոնական հատվածում ագուցված է վերանորոգման մասին արձանագրությունը․ «․․․է կապի 1813 ա(մի)»: Արձանագրությունից վեր տեղադրված է խաչազարդ քար։
Շինությունը լուսավորվում է դեպի ներս լայնացող թվով վեց լուսամուտներով, որոնցից երկուսը բացվում են հարավային, մեկը՝ արևմտյան, երեքը՝ արևելյան ճակատից։ Վերջիններից երկուսը լուսավորում են փոքրիկ ավանդատները։ Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատերին՝ արտաքուստ և ներքուստ, ագուցված են գեղաքանդակ խաչքարեր և արձանագրություններ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու արևելյան և հարավային պատերին ագուցված շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1696 թվականին։ Վերակառուցվել և վերստին օծվել է 1813-ին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ծամձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցի «Արցախ» (1895) աշխատության մեջ։ Եկեղեցուն անդրադարձել է պատմաբան, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» (1985-1989) գրքում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և երկու ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, գետաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները վեցն են․ երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան, երկուսը՝ հարավային կողմում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին ի սկզբանե եղել է կղմինդրածածկ։ Խորհրդային տարիներին պատվել է ազբեստե թիթեղով, որը հետագայում փոխարինվել է մետաղյա ծածկով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են կիսամշակ և անմշակ քարերով։ Սրբատաշ են միայն բացվածքների եզրաքարերը, որմնասյուներն ու որմնակամարները։
Հարդարանքը
Եկեղեցու պատերին ագուցված են բազմաբնույթ նվիրատվական և հիշատակագրական բովանդակությամբ խաչազարդ և արձանագիր քարեր։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
14,6 մ Չափերը` լայնությունը
10 մ Չափերը` բարձրությունը
7,5 մ Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ծամձոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Չափագրություններ
Ծամձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի (Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985 (երկրորդ հրատարակություն)։
.
Գ․Բ․