Տյաք, Սուրբ Մեսրոպ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Մեսրոպ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2018-2020 թվականներին ամբողջությամբ վերանորոգվել է։

Սկզբնական պատկանելությունը
Տյաք գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Տյաք գյուղը մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տյաք։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Տյաք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 1 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տյաք գյուղի արևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 861 մ։
Նկարագրություն
Տյաք գյուղի արևմտյան եզրին գտնվող Սուրբ Մեսրոպ եկեղեցու կառուցման հստակ թվագրությունը չկա։ Կառույցի հորինվածքային և ճարտարապետական առանձնահատկությունները բնորոշ են 19-րդ դարի եկեղեցաշինությանը։ Հատկանշական է, որ 19-րդ դարի վերջերին այստեղ այցելած ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը նշում է, որ եկեղեցին նորակառույց է1։

Ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են մեկական ոչ մեծ խորշեր։ Ի տարբերություն սրահի կամարակապ թաղածածկի խորանի՝ գմբեթարդը սլաքաձև է։ Խորանի կողային պատերի արևմտյան ճակատներին ագուցված են մեկական նվիրատվական փոքրիկ խաչաքանդակներ։ Բեմը բարձրադիր է, որի կենտրոնում կանգնեցված է քարակերտ և խաչազարդ սուրբ սեղանը։

Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ և կիսամշակ քարերով։ Սրբատաշ են բացվածքների եզրաքարերը, որմնասյուներն ու որմնակամարները։ Սրահի թաղածածկը ձուլված է հարավային և հյուսիսային պատերին ու հենված է որմնասյուներից բարձրացող զույգ կամարների վրա։ Հյուսիսային պատին պահպանվել է կամարակապ խորշի մեջ տեղադրված մկրտության ավազանը։
Եկեղեցին լուսավորվում է թվով հինգ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, երկուսը` հարավային ճակատներից։ Բոլոր լուսամուտները երկայնաձիգ են՝ վերնամասում կիսակամար կառուցվածքով։ Բացառությամբ ավանդատների երկու փոքր լուսամուտների՝ մյուսներն աչքի են ընկնում իրենց չափերի մեծությամբ։ Մուտքը հարավից է, որի հորինվածքը թերևս եկեղեցու միակ ճարտարապետական հարդարանքն է։ Այն եզերված է սրբատաշ կողապատերով և վերնամասում պսակված է կամարակապ բարավորով։ Վերջինս զարդարված է հովհարաձև զարդաքանդակ գոտով, որն իր մեջ է առնում կենտրոնում քանդակված խաչապատկերը։ Եկեղեցու արևելյան և հյուսիսային կողմերում տարածվում է գյուղի գերեզմանոցը։

Տյաք գյուղի 18-19-րդ դարերի բնակելի շինությունները, ինչպես նաև աղբյուրը և եկեղեցին ընդգրկվել են «Տյաք» պատմամշակութային արգելոցի կազմում և առնվել պետության պահպանության տակ։

Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2018-2020 թվականներին։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի վկայությամբ՝ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Հորինվածքային և ճարտարապետական առանձնահատկությունները բնորոշ են 19-րդ դարին։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 19-րդ դարում։ Վերանորոգվել է 2018-2020 թվականներին։ Այնուհետև Տյաք գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Մեսրոպ եկեղեցու մասին հիշատակում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» աշխատության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները հինգն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, երկուսը՝ հարավային ճակատներից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք տանիքը ի սկզբանե եղել է կղմինդրածածկ։ Խորհրդային տարիներին պատվել է ազբեստե թիթեղով, 2018 թվականին այն փոխարինվել է մետաղական թիթեղով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Բացվածքները և անկյունները սրբատաշ են, մնացյալ հատվածները իրականացված են փոքրաչափ կոպտատաշ քարերով։

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
16 մ
Չափերը` լայնությունը
9,40 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Տյաքի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Եկեղեցին Տյաք գյուղի ժողովրդական ճարտարապետական համալիրի հետ միասին գրանցված էր պատմամշակութային արգելոցի ցանկում։
----------------------------
1Բարխուտարեանց Մ․,1895, էջ 66։
Չափագրություններ
Տյաք, Սուրբ Մեսրոպ եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ