Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարն իր ոճային և գեղարվեստական առանձնահատկություններով վերագրվում է ուշ միջնադարին։ Խորհրդային տարիներին գերեզմանոցը ավերվել է և ծածկվել հողաշերտով։ Տապանաքարը հայտնաբերվել է 2019 թվականին եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ։

Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայր, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Հունչաք1։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց

Տեղագրությունը
 Գտնվում է շրջկենտրոն Բերձորից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հոչանց գյուղի կենտրոնում՝ Սբ․ Ստեփանոս եկեղեցու հարավարևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։
Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավարևմտյան մասում։ Հայտնաբերվել է 2019 թվականին եկեղեցու տարածքում իրականացված մաքրման աշխատանքների ժամանակ։ Փոքր չափերի օրորոցաձև տապանաքարի երկու ճակատները քանդակազարդ են։ Մի երեսին՝ երեք կամարակապ խորանների ներքո, խաչաքանդակներ են՝ շրջանաձև, զույգ ելուստավոր խաչաթևերով։ Դարձերեսին՝ աջ կողմում, պատկերված է նիզակակիր ձիավոր, որը նիզակով հարվածում է ձախ կողմում պատկերված վիշապօձին։ Վերջինս չարի, սատանայի խորհրդանիշն է, իսկ նրա կապ ընկած մարմինը, ինչպես նաև նիզակահարված գլուխը և բաց երախը պարտվածության և կործանման վկայություններն են։
Հայկական միջնադարյան արվեստում տարածված էր համաքրիստոնեական սրբերի՝ Սուրբ Սարգսի, Սուրբ Թեոդորոսի, Սուրբ Մերկուրիոսի և Սուրբ Գևորգ զորավարի հեծյալ պատկերները, որտեղ նրանք տեգով խոցում են վիշապին կամ դևին: Այս պատկերները խորհրդանշում են ոչ միայն քրիստոնեության հաղթանակը, այլև բարու հաղթանակը չարի դեմ: Ամենայն հավանականությամբ գերեզմանակոթողին պատկերված է Սուրբ Գևորգ զորավարը։ Ավանդության համաձայն՝ վերջինս սպանել է վիշապին և ազատել վերջինիս որպես կերակուր նախատեսված կույսին։ Այս ավանդույթը, որ տեղ չի գտել Սուրբ Գևորգի վարքում, հայտնի էր թե՛ Հայաստանում, թե՛ քրիստոնյա Արևելքում դեռևս վաղ միջնադարից, հատկապես մեծ տարածում էր գտել 10-11-րդ դարերից սկսած, իսկ ավելի ուշ նաև տարածվել էր Եվրոպայում։
Տապանաքարի վերին ձախ մասը ջարդված է։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ գեղարվեստական և պատկերագրական քննության
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի վերաբերյալ պատմական աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հարդարանքը
Տապանաքարի երկու լայն ճակատները պատկերազարդ են։

Տիպը
Օրորոցաձև տապանաքար
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի, ինչպես նաև Հոչանց գյուղի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1Օրբելյան Ս․, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 399։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․