Նոր Բրաջուր, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը թվագրվում է 12-րդ դարով։ Կանգնեցվել է հայկական գերեզմանոցում։ Խորհրդային տարիներին գերեզմանոցն ավերվել է, իսկ խաչքարը տեղափոխվել և օգտագործվել է որպես սեղան։ Քարվաճառի ազատագրումից հետո Նոր Բրաջուր գյուղի բնակիչները խաչքարը հայտնաբերել և կանգնեցրել են որպես սրբատեղի։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Նոր Բրաջուր

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 8 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Նոր Բրաջուր գյուղում։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ գետից 130 մ հեռու՝ գյուղի ձախափնյա թաղամասում։
Նկարագրություն
Նոր Բրաջուր1 գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում։ Առնվազն միջնադարից մինչև 18-րդ դարի կեսերը տարածքում գոյություն է ունեցել հայկական բնակավայր, որի հին պատմական անունը չի պահպանվել։ 17-րդ դարի կեսերից բնակավայրի հայ բնակչությունը թյուրքական ցեղերի, լեզգիների թալանչիական արշավանքների պատճառով աստիճանաբար հեռացել է իր բնօրրանից։ Հետագայում բնակավայրում հաստատված եկվոր խաշնարածները ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ հատկապես խորհրդային տարիներին ավերելով եկեղեցին և գերեզմանոցը։

1993 թվականին Քարվաճառի շրջանի ազատագրումից հետո գյուղը վերաբնակեցվել է։ Նոր Բրաջուրի և հարակից տարածքների բնակիչները տարբեր շինությունների պատերին, ինչպես նաև հողաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են խաչքարերի կոտրված բեկորներ, տասնյակ խաչքարեր, որոնք կանգնեցվել են գյուղի տարբեր հատվածներում և դարձել սրբատեղիներ։

Խաչքարը գտնվում է Նոր Բրաջուր գյուղի ճամփեզրին՝ մի քանի բեկորատված խաչքարերի կողքին։
Խաչքարը քանդակված է անմշակ քարաբեկորի վրա, որի միայն քանդակազարդ երեսն է մշակված։ Ուղղանկյուն խաչախորանի ներքո՝ կենտրոնական հատվածում, ծաղկած խաչն է։ Վերջինիս խաչաթևերն ավարտվում են կրկնակի շրջանաձև ելուստներով։ Խաչախորանի վերնամասից դեպի ցած խաղողի զույգ ողկույզների բարձրաքանդակներ են։ Հորիզոնական խաչաթևերի ստորին ձախ կողմում արձանագրությունն է, որը, սակայն, հողմահարված ու մրոտված լինելու պատճառով անընթեռնելի է։ Խաչաքանդակի ստորին հատվածում՝ երկու կողմից նշմարելի են նմանատիպ փոքր խաչաքանդակներ, ինչպես նաև հազիվ տեսանելի նախշազարդերի հետքեր։ Հուշարձանը թվագրվում է 12-րդ դարով2։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճային և պատկերագրական առանձնահատկությունների քննության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2010 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։

Խաչքարի մասին հիշատակել է նաև Սամվել Կարապետյանը 2019 թվականին հրատարակված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում3։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար

Տիպը
Խաչքար-հուշակոթող
Չափերը` լայնությունը
0,73 մ
Չափերը` բարձրությունը
1,12 մ
Չափերը` խորությունը, հաստությունը
0,26 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի, ինչպես նաև Նոր Բրաջուր գյուղի տարածքի հոգևոր-պատմամշակութային ժառանգության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1Բնակավայրի պատմական անունը հայտնի չէ: Այստեղ հաստատված խաշնարածների կողմից կոչվել է Ղըլըչլը։ Բրաջուր է կոչվել Հյուսիսային Արցախի համանուն գյուղի անունով։

2Ըստ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից հաստատված վկայագիր-փաստաթղթի՝ հուշարձանը թվագրվում է 12-րդ դարով։
 
3Կարապետյան Ս․, 2019, էջ 375։

Լուսանկարներ