Նոր Բրաջուր, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Իվանեի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կանգնեցվել է 1197 թվականին։ Խորհրդային տարիներին գերեզմանոցն ավերվել է, իսկ խաչքարը տեղափոխվել և օգտագործվել է որպես սեղան։ Քարվաճառի ազատագրումից հետո Նոր Բրաջուր գյուղի բնակիչները խոնարհված խաչքարը հայտնաբերել և կանգնեցրել են, ինչից հետո վայրը սրբատեղի է դարձել։
Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն, Ծար գավառ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1260 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ գետից 130 մ հեռու՝ գյուղի ձախափնյա թաղամասում։ Նկարագրություն
Նոր Բրաջուր1 գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանում։ Առնվազն միջնադարից մինչև 18-րդ դարի կեսերը տարածքում գոյություն է ունեցել հայկական բնակավայր, որի հին պատմական անունը չի պահպանվել։ 17-րդ դարի կեսերից բնակավայրի հայ բնակչությունը թյուրքական ցեղերի, լեզգիների թալանչիական արշավանքների պատճառով աստիճանաբար հեռացել է իր բնօրրանից։ Հետագայում բնակավայրում հաստատված խաշնարածները ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ խորհրդային տարիներին ավերել են եկեղեցին և գերեզմանոցը։
1993 թվականին Քարվաճառի շրջանի ազատագրումից հետո գյուղը վերաբնակեցվել է։ Նոր Բրաջուրի և հարակից գյուղերի բնակիչները տարբեր շինությունների պատերին, ինչպես նաև հողաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են խաչքարերի կոտրված բեկորներ, տասնյակ խաչքարեր, որոնք կանգնեցվել են գյուղի տարբեր հատվածներում և դարձել սրբատեղիներ։
Հայտնաբերված կոթողների թվում առանձնանում է հատկապես 1197 թվականին Իվանեի կողմից կանգնեցված մեծաչափ և գեղազարդ խաչքարը։ Այն հայտնաբերվել է Նոր Բրաջուրի ձախափնյա թաղամասում։ Խաչքարը շրջված դիրքով օգտագործվել է իբրև սեղան։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հավաստմամբ՝ խաչքարն ինքնատիպ է գրչության ձեռագրային առանձնահատկություններով․ «Այստեղ տեղին է նշել, որ սույն խաչքարի կողին առկա արձանագրության գրչաոճը հար և նման է Դադի վանքում գտնվող 1182 թ. կերտված Հասան Վախտանգյանի հանրահայտ խաչքարի հյուսիսային կողի պատգամ-արձանագրությանը: Սրանով կարելի է ասել՝ բացահայտվում է այն, որ, ի դեմս գրչագրության «ձեռագրային» խնդրո առարկա տեսակի, փաստորեն մենք գործ ունենք զարգացած միջնադարում առնվազն Արցախում տարածում գտած արձանագրությունների փորագրման ձեռագրային տարբերակի հետ։ Այն, ի դեպ, կիրառվել է նաև ուշ միջնադարում (համեմատե՛լ Կուսանաց վանքի ածխագիր հիշատակագրությունների հետ):
Ուշագրավ է խաչքարի հարավային կողի արձանագրությունը, որը, ըստ հեղինակի, առանձնանում է իր սակավադեպ բովանդակությամբ . «Ես՝ Իւա|նէ, կան|գնե[ցի] | զխաչ|ս ի բար|եխոս եղ|բաւր իմո|յ Վարհա|մայ, ով զմ|եզ կրոնա|վորեալ կա|տարեցա|վ ի ճանա|պահր | յԵրո(ւ)սաղ|եմի, յիշ|եցայք | ի Ք(րիստո)ս: | Ա(ստուա)ծ ողո(ր)մ[ի] | կազ(մ)ողին»3:
Խաչքարը կանոնավոր ուղղանկյուն կոթող է, որի խաչախորանը, բացառությամբ ստորին հատվածի, երիզված է առանձին շրջանակների մեջ առնված բազմապիսի զարդանախշերի գեղեցիկ և հմուտ համադրությամբ կազմված զարդագոտի լայն շրջանակից։
Կենտրոնում՝ կիսակլոր խորանի ներքո, մեծադիր, ամբողջությամբ հյուսվածազարդ և խաչաթևերի եռաբողբոջ վերջավորություններով ծաղկած հիմնախաչն է, որի վերնամասում՝ ուղղահայաց խաչաթևի կենտրոնից աջ և ձախ են տարածվում երկու ճյուղ։ Խաչածառի պտուղները կրող այս ճյուղերը նախ վեր բարձրանալով գեղեցիկ միահյուսվում են խորանի կամարին, ապա իջնելով պսակվում են մեկական պտղով։ Հորիզոնական խաչաթևերից ցած՝ խորքում, թվագիր արձանագրություն է. «Ի թվ|իս ՈԽԶ (1197)»4։
Ստորին հատվածից դեպի հորիզոնական խաչաթևերն են ձգվում գեղեցիկ ոճավորված արմավաճյուղերը։ Խաչքարի պատկերագրության կարևորագույն և բացառիկ տարրերից են արմավաճյուղերից ցած քանդակված թևավոր անիվները` Օֆանիմները՝ Եզեկիելի տեսիլքում նշված Աստծո գահի անիվները5։ Աստծո գահը մշտարթուն պահող երկնային էակների (Եզեկիել Ա 15 - ԺԱ 22) այս դասը, որ կոչվում է նաև Գահեր, ըստ Դիոնիսիոս Կեղծ Արիսպագացու սահմանման՝ դասակարգվում է Աստծուն ամենամոտ հրեշտակների առաջին եռյակում՝ խորհրդանշելով արդարությունն ու աստվածային իշխանությունը: Թևավոր անիվների առկայությունը խաչքարի հորինվածքում բացահայտում է, որ այստեղ ներկայացված է Երուսաղեմի երկնքում «բոցաճաճանչ փայլով» փրկության լուսեղեն նշան Սուրբ Խաչի` քառադեմ խաչակառքի6 հրաշալի երևման տեսարանը։ Այն երևաց Երուսաղեմի երկնակամարում 351 թվականի մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռան կողմը և իր արձակած լույսով ծածկեց արեգակը7:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-րդ դար (1197 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարի արձանագրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է 12-րդ դարում։ Իվանեն կանգնեցրել է եղբոր՝ Վարհամի հիշատակին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2010 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել է նորահայտ հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։
2015 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (RAA) հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այցելել և ուսումնասիրել է հուշարձանը։ Կատարված աշխատանքների արդյունքները տեղ են գտել 2019 թվականին հրատարակված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում։
Պատմական համառոտ տեղեկանք
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց դարչնագույն կրաքար
Տիպը
Խաչքար-հուշակոթող Չափերը` լայնությունը
0,84 մ Չափերը` բարձրությունը
1,58 մ Չափերը` խորությունը, հաստությունը
0,23 մ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանի, ինչպես նաև Նոր Բրաջուր գյուղի տարածքի պատմամշակութային, հոգևոր ժառանգության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ ----------------------------
1Բնակավայրի պատմական անունը հայտնի չէ: Այստեղ հաստատված խաշնարածների կողմից կոչվել է Ղըլըչլը։2Կարապետյան Ս․, 2019, էջ 375:
3Նույն տեղում։
4Նույն տեղում։
5Օֆանիմները կամ Գալգալիմները նաև պտտահողմեր են, որ Դանիելի գրքում (Դանիել Է 9) անվանվում են վառվող կրակներ։
6Տե՛ս Մատենագրութիւնք Նախնեաց. Կորիւն Վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ, Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1833, էջ 107։
Դավիթ Անհաղթ, Ներբող աստվածընկալ Սուրբ Խաչին. «․․․․Ապաքէն զի յամենայն կոյս ուղիղ զհայեցուածսն կալցի. քանզի քառադէմ ապաքէն ասի և կառքդ. որպէս և քառառաջէ այս կառք խաչակառք, յորում Էմմանուէլն բարձրացեալ, կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար»։
7Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։
Լուսանկարներ
Գրչանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2019 - Կարապետյան Սամվել, Հայաստանի պատմություն, հ. Դ, Մռավականք, Երևան, 2019։
.
Ա․Հ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․