Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Եկեղեցի
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական արձանագրությունը մեզ է հասել մասամբ վնասված վիճակում, և թվականը չի պահպանվել։ Ըստ ճարտարապետական և հորինվածքային լուծումների քննության, ինչպես նաև տարածքում պահպանված խաչքարերի, զարդաքանդակների, տառաձևի ոճական ուսումնասիրության և արձանագրության մեջ հիշատակված պատմական դեմքերի ժամանակագրության՝ կարող ենք ասել, որ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարի վերջերին։ Շինությունը պահպանվել է կանգուն վիճակում՝ բացառությամբ գմբեթի վեղարի։ Գտնվում է Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից շուրջ 900 մ հյուսիս-արևմուտք։
Հատակագծով խաչաձև կենտրոնագմբեթ փոքր շինություն է (6x5 մ)՝ արտաքուստ շեշտված խաչթևերով: Խաչթևերից արևելյանը` խորանը, կիսակլոր է, մյուսները` ուղղանկյուն։ Մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ութ լուսամուտներից չորսը տեղադրված են կենտրոնական աբսիդի և երեք խաչթևերի կենտրոնական հատվածում, չորսն էլ՝ գմբեթի բոլորաձև թմբուկի վրա։
Ըստ մուտքի բարավորին փորագրված ութատող շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Հարբածայրի չորս որդիների՝ Հովհաննեսի, Սերոբի, Սարգսի և Գրիգորի կողմից։
Արձանագրությունը հետևյալն է․
«Ի հայրապետութե[ան] Տ[է]ր Յակ|ոբոսայ եւ յիշխանութե[ան]. Վախտան|գայ, որդոյ Հասանայ, ես Յոհան|էս ու Սերոբ ու Սարգիս ու Գրիգոր որդի[ք] Հարբածայրայ, շինեցաք զԱծածինա|ի մեր հայրենիցս, յի[շ] ատակ հոգոց|մերոնց։ Աղաչեմ վասն զմեզ զմեր ծն|աւղքն յաղաւթս յիշե[ց] եք»։
Արձանագրության մեջ հիշատակվող Հասանի որդի Վախթանգը, որը Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառի իշխանն էր, մահացել է 1214 թվականին։ Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել 12-րդ դարի վերջերից մինչև 1214 թվականն ընկած ժամանակահատվածում։
Լուսանկարներ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել ավելին
Չափագրություններ
Հուշարձանների վավերագրում և անձնագրավորում
Պողոսագոմեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի