Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի
Ինը Մասանց անապատ
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Ինը մասանց
Այլ անվանումներ
Ինը Մասանց Անապատ, Ինն մասն, Ինը Մասունք, Ինը Մաս
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցու ներկայիս շինությունը կառուցվել է 16-17-րդ դարերում ավելի հին սրբավայրի տեղում, վերակառուցվել է 1881 թվականին։ 1884 թվականին կառուցվել է Սուրբ Սեղանը։ Եկեղեցին լքվել է խորհրդային տարիներին։ Ծառայել է միայն որպես սրբատեղի։

Սկզբնական պատկանելությունը
Մոխրաթաղ գյուղ (Հին Մոխրաթաղ գյուղատեղի)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար №1, խաչքար №2, խաչքար №3, խաչքար №4, խաչքար №5, խաչքար №6, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Ջրաբերդի մելիքություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մոխրաթաղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մոխրաթաղ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մոխրաթաղ և Կուսապատ գյուղերի միջև՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 887 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ինը մասն ջուր գետից 100 մ հյուսիս՝ անտառով շրջապատված բացատի թեքադիր լանջին։
Նկարագրություն
Ինը Մասանց Անապատը գտնվում Է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Կուսապատ գյուղերի միջնամասում՝ հին Մոխրաթաղ գյուղատեղիի հարավարևելյան եզրին։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում, Իննը Մասունք հին սրբավայրի տարածքում։ Մինչև 19-րդ դարավերջը եկեղեցին բազմիցս վերանորոգվել է։ Ներսում՝ եկեղեցու հյուսիսային ճակատին, պահպանվել է վերակառուցման մասին հետևյալ արձանագրությունը․ «Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»1։ 
Վերանորոգման մասին պահպանված երկրորդ արձանագրությունը գտնվում է խորանի ձախ կողմում՝ որմնասյան հարավային կողին․ «Շինեցաւ Ս[ուր]բ Ին Մաս|անց սեղանն ի տու|րս Սհարխանումին | վասն հոգոյ Յարու[թիւն]ի Բէկ Աթաբեկեանի Կու|սապատ գեղ 1884 ամի»2։
Եկեղեցու պատերի մեջ առկա են մի շարք ագուցված խաչքարեր և արձանագիր քարեր, որոնք վկայում են կառույցի պատմական անցյալի մասին։

Մուտքի շրջանակի աջ կողմում՝ ստորին հատվածում, պահպանվել է նվիրատվական հետևյալ արձանագրությունը․ «Այս գիրս գրեցաւ Տ[է]ր Մկտրտիչս թվ(ին) ՌՃԾԴ (1705 (1154+551=1705)) էր»3։

Եկեղեցու հյուսիսային պատի կենտրոնում՝ կամարակապ որմնախորշի վերին մասում, ագուցված խաչքարի ստորին հատվածը արձանագիր է։ Ներկայումս պահպանված արձանագրությունը երկտող է, որի երկրորդ տողի ստորին մասում քարը հատված է, ինչից գրությունը դարձել է դժվարընթեռնելի․«ՈՂԶ (1247) եր ես Հայ|․․․ կանգնեցի զխաչ․․․»4։

Եկեղեցու պատերին պահպանվել են հիշատակագրական և նվիրատվական մի քանի արձանագրություն ևս։ Հատկանշական է արևմտյան ճակատի մուտքի աջ պատին ագուցված փոքրաչափ խաչքարը՝ իր նվիրատվական արձանագրությամբ՝ Խումարին։ 

1776 թվականին Ինը մաս եկեղեցին մի Ավետարան է նվեր ստացել, որն այժմ պահվում է Մատենադարանում։ Այն Կարինում տեսել և 40 ղուռուշով գնել, եկեղեցուն է նվիրել Մոխրաթաղ գյուղից Մատթևոսի որդի Մկրտիչ Վարդապետը, որը շուրջ 30 տարի Մուղնու Սուրբ Կարապետ վանքի միաբան էր․ «․․․․ի յերկրէն Աղուանից՝ ի գաւառէն Չարապերթու՝ ի գուղէն Մոխրաթաղու՝ ի յազգէն Մաթոսանց Շահնազարին»5։

Արձանագրություն է պարունակում նաև մուտքի բարավորը․ «Նիկարոց Սուրբ Ինինն Մասանցս Ն[ի]կ[արո]ց Ք[րիստո]ս հ[․․․]վադաց»։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որն առանձնանում է իր սրբատաշ որմնասյուներով և կամարով։ Բեմը բարձրադիր է, երկու եզրերից ունի եռաստիճան սանդուղքներ։ Խորանի կենտրոնական հատվածում կամարակապ շրջանակով և ուղղանկյուն բացվածքով փոքրիկ լուսամուտն է, որից աջ և ձախ կան երկու մեծ չափերի, ուղղանկյունաձև որմնախորշեր։ Դրանք ի սկզբանե ունեցել են փայտե շրջանակներ, որոնց հետքերը նշմարվում են առ այսօր։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին՝ մեծ խորշերի հարևանությամբ, փոքրիկ պատրհաններ են՝ ներփակված պարանահյուս և կամարաձև շրջանակների մեջ։ Հյուսիսային պատին՝ իր ավանդական տեղում, պահպանվել է սլաքաձև, կամարակապ շրջանակի մեջ առնված մկրտության ավազանը։ Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից։ Դռան շրջանակը կերտված է սրբատաշ կրաքարից, որի վերնամասի կառուցվածքը կիսակամար է։ Շրջանակի եզրերը պարանազարդ են։ Նման ոճավորմամբ են զարդարված նաև եկեղեցու կամարակապ խորշերը։ Լուսավորվում է հինգ մեծ լուսամուտներով, որոնցից հարավային երեքը պսակվում են կամարակապ բարավոր-շրջանակներով և միմյանց հետ կապված են ընդհանուր քիվով։ Նման հորինվածք ունի նաև արևմտյան ճակատի լուսամուտը։ Ի տարբերություն վերջիններիս՝ արևելյան ճակատի լուսամուտի՝ սրբատաշ քարից կերտված գծավոր, ուղղանկյունաձև շրջանակի վերնամասում քանդակված է հավասարաթև խաչապատկեր։ Արևելյան լուսամուտից վեր և արևմտյան լուսամուտի ստորին հատվածում ագուցված են միջնադարյան գեղաքանդակ, ամբողջական խաչքարեր։ 

Եկեղեցին կառուցված է անմշակ և կիսամշակ քարերով, որոնցից գերակշռում են կրաքարը, ավազաքարը, գետաքարը։ Եկեղեցու պատերի անկյունները, խորշերը, կամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակները կերտված են սրբատաշ կրաքարից։ Սրահի կենտրոնական հատվածում հարավային և հյուսիսային պատերին հենվող կամարը կրել է կառույցի թաղակապ ծածկը, որը չի պահպանվել։ Ծածկից պահպանվել է միայն խորանի գմբեթարդը։ 

Եկեղեցու արևմտյան կողմում տարածվում է 18-20-րդ դարերի ուղղանկյունաձև տապանաքարերով գերեզմանատունը։ Հնավայրի տարածքում պահպանվել է նաև միջնադարյան գերեզմանոցն իր խաչքարերով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու կառուցման արձանագրության (1881 թ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Հուշարձանի ավելի վաղ թվագրությունը հիմնված է եկեղեցու պատերին և տարածքում առկա միջնադարյան խաչքարերի ուսումնասիրության և փաստագրական տվյալների վրա։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է միջնադարում։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում։ 19-րդ դարում եկեղեցին բազմիցս վերանորոգվել է։ Խորհրդային տարիներին այն դադարել է գործել։ Հուշարձանը սրբատեղի է ծառայել շրջակա բնակավայրերի, հատկապես՝ մոխրաթաղցիների համար մինչև 2023 թվականը։ Այնուհետև բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Մոխրաթաղի Ինն Մասանց եկեղեցին ուսումնասիրել են բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, Ա․ Քերոբյանը (ՊԲՀ 1984/4)։

Պատմական համառոտ տեղեկանք
Ինը Մասանց եկեղեցուն իրենց աշխատություններում անդրադարձել են բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, պատմաբան Լեոն, հասարակական և եկեղեցական գործիչ Եղիշե (Հովակիմ) ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի), վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը, Ա․ Քերոբյանը, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը, բանասեր Թամարա Մինասյանը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Ի սկզբանե եղել է թաղակապ, որը ներկայումս փլված է՝ բացառությամբ խորանի գմբեթարդի։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացվում է արևմուտքից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտներն ընդհանուր հինգն են, որոնցից երեքը բացվում են հարավային, մեկը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան ճակատներից։

Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքը թաղակապ էր, ներկայումս փլված է՝ բացառությամբ խորանի գմբեթարդի։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառույցի հիմնական շարվածքը իրականացված է տեղական անմշակ և կիսամշակ քարով և կրաշաղախով։ Շքամուտքի և լուսամուտի եզրաքարերը մշակված կրաքարից են, սրբատաշ են նաև մկրտության ավազանի և հյուսիսային պատի կենտրոնական մասում բացված կամարակապ խորշի շրջանակները։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Հիմնականում գեղարվեստական մշակում ունեն մուտքի և լուսամուտների շրջանակները։ Պատերին՝ ներքուստ և արտաքուստ, ագուցված են 13-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր, որոնց մի մասը՝ արձանագիր, ինչպես նաև 19-րդ դարի խաչաքանդակներ։

Տիպը
Անապատ
Չափերը` երկարությունը
14 մետր
Չափերը` լայնությունը
8 մետր
Չափերը` բարձրությունը
4,5 մետր
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Վատ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մոխրաթաղ գյուղի պատմական անցյալի, ինչպես նաև Ջրաբերդի մելիքության պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1Քերոբյան Ա․, Ինը Մասանց Անապատը ըստ նորահայտ վիմագրերի, Պատմա-բանասիրական հանդես, № 4, էջ 237,Երևան, 1984։

2Արձանագրության ընթերցումը Ս․ Դանիելյանի, այլ ընթերցում տես՝ Քերոբյան Ա․, տե՛ս նույն տեղը։

3Արձանագրությունը վերընթերցվել է, որի արդյունքում Քերոբյանի առաջարկած 1605 թվականը ճշտվել և վերանայվել է։ Տե՛ս նույն տեղը, էջ 238։

4Արձանագրության ընթերցումը Ս․ Դանիելյանի։

5Մինասյան Թ․, Արցախի գրչության կենտրոնները, էջ 57, Երևան, 2015, ՄՄ,ձեռ․ 11204։

Չափագրություններ
Ինը Մասանց անապատը ըստ նորահայտ վիմագրերի, Պատմա-բանասիրական հանդես, № 4, էջ 237, Երևան, 1984։
Չափագրությունը՝ Վալտեր Զարյանի, Սամվել Կարապետյանի, Արմեն Քերոբյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Լեո,1985 - Լեո, Երկերի ժողովածու, հատոր 8, Երևան, 1985։

Քերոբյան Ա․, 1884 - Քերոբյան Ա․, Ինը Մասանց Անապատը ըստ նորահայտ վիմագրերի, Պատմա-բանասիրական հանդես, № 4, էջ 237,Երևան, 1984։



Գ․Բ․