Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ 
Հասցե
Խրամորթ գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
Խաչքարը կանգուն է՝ ստորին հատվածը խրված հողի մեջ: Այն ուղղանկյունաձև է, փոքր չափերի (70×85×30 սմ) և կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)
 
Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Խաչքարի հորինվածքը երիզված է հյուսկեն եզրագոտով։ Կենտրոնում Ծաղկած խաչն է, որի վերին մասն ընդգրկված է կիսակլոր խորանի մեջ։ Կենտրոնական խաչն ունի լայն թևեր, որոնք ավարտվում են անվարժ հյուսված երկուական բողբոջաձև, հյուսվածազարդ երեքտերևուկներով։ Խաչաքանդակի չորս թևերը հարդարված են երկրաչափական նախշերով, որոնք, իրար հյուսվելով, կազմում են խաչի կենտրոնի վահանակը։ Ծաղկած խաչի հորիզոնական թևերից ցած` աջ և ձախ կողմերում, քանդակված են կլորավուն ելուստներով ավարտվող և գրեթե հավասարաթև մեկական խաչաքանդակ, որոնք հիմնված են արմավենազարդի երկու զուգահեռ թևերի վրա։ Խաչաքանդակի կենտրոնական ստորին մասում, ամենայն հավանականությամբ, վարդյակն է, որը գրեթե չի երևում։ Ուշագրավ է, որ հորինվածքի հյուսկեն եզրագոտու և խորանի վերին անկյունները նույնպես քանդակազարդ են։

Տիպը
Խաչքարն իր կառուցվածքով և գեղարվեստական հորինվածքով ենթադրաբար թվագրվում է 13-14-րդ դարեր։
Չափերը` երկարությունը
70 սմ
Չափերը` լայնությունը
85 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
30 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով՝ փոքր, հարթ տարածք։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։



Ա․Հ․, Ա. Լ-Ե.