Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի։
Պողոսագոմեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Այլ անվանումներ
Շինարարական արձանագրության մեջ հիշատակվում է որպես Սուրբ Աստվածածին։
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 12-րդ դարավերջին։ Հետագա տեղեկությունները բացակայում են։

Սկզբնական պատկանելությունը
Հայ Առաքելական Եկեղեցի

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր։

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Ներքին Խաչեն), մինչև 2023 թ․ սեպտեմբերի 24-ը՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Պողոսագոմեր։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Պողոսագոմեր։ 2023 թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
Տրտու (Թարթառ) գետի աջ ափին՝ Կոճողոտ, Պողոսագոմեր, Ղազարահողեր, Դրմբոն գյուղերի արանքում՝ Օխտնաղբյուր լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերին։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պողոսագոմեր գյուղից մոտ 900 կմ հյուսիս-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 891 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի ամենամոտ կետից 3,5 կմ հարավ-արևելք։
Նկարագրություն
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական արձանագրությունը մեզ է հասել մասամբ վնասված վիճակում, և թվականը չի պահպանվել։ Ըստ ճարտարապետական և հորինվածքային լուծումների քննության, ինչպես նաև տարածքում պահպանված խաչքարերի, զարդաքանդակների, տառաձևի ոճական ուսումնասիրության և արձանագրության մեջ հիշատակված պատմական դեմքերի ժամանակագրության՝ կարող ենք ասել, որ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարի վերջին։ Շինությունը պահպանվել է կանգուն վիճակում՝ բացառությամբ գմբեթի վեղարի։ Գտնվում է Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից շուրջ 900 մ հյուսիս-արևմուտք։
Հատակագծով խաչաձև կենտրոնագմբեթ փոքր շինություն է (6x5 մ)՝ արտաքուստ շեշտված խաչթևերով: Խաչթևերից արևելյանը` խորանը, կիսակլոր է, մյուսները` ուղղանկյուն։ Մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ութ լուսամուտներից չորսը տեղադրված են կենտրոնական աբսիդի և երեք խաչթևերի կենտրոնական հատվածում, չորսն էլ՝ գմբեթի բոլորաձև թմբուկի վրա։ Ըստ մուտքի բարավորին փորագրված ութատող շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Հարբածայրի չորս որդիների՝ Հովհաննեսի, Սերոբի, Սարգսի և Գրիգորի կողմից։ Արձանագրությունը հետևյալն է․ «Ի հայրապետութե[ան] Տ[է]ր Յակ|ոբոսայ եւ յիշխանութե[ան]. Վախտան|գայ, որդոյ Հասանայ, ես Յոհան|էս ու Սերոբ ու Սարգիս ու Գրիգոր որդի[ք] Հարբածայրայ, շինեցաք զԱծածինա|ի մեր հայրենիցս, յի[շ] ատակ հոգոց|մերոնց։ Աղաչեմ վասն զմեզ զմեր ծն|աւղքն յաղաւթս յիշե[ց] եք»։

Եկեղեցու շինարարական արձանագրությունը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
 Արձանագրության մեջ հիշատակվող Հասանի որդի Վախթանգը, որը Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառի իշխանն էր, մահացել է 1214 թվականին։ Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել 12-րդ դարի վերջից մինչև 1214 թվականն ընկած ժամանակահատվածում։
Պատերին և ներսում պահպանվել են փոքրիկ նվիրատվական խաչքարեր և արձանագրություններ։
Եկեղեցու արևելյան կողմում տարածվում է գերեզմանոցը։ Պողոսագոմեր գյուղը հիմնադրվել է շատ ավելի ուշ ժամանակաշրջանում, և գյուղի բնակիչները Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոցում կատարել են նոր հուղարկավորություններ։ Այդ պատճառով հին և նոր գերեզմանոցները ձուլվել են միմյանց։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ ճարտարապետական հորինվածքային քննության և շինարարական արձանագրության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1895 թ․, Բարխուդարեանց Մ․, Արցախ։
1982 թ․,  Բարխուդարյան Ս․, Դիվան հայ վիմագրության, պրակ 5 Արցախ։
1983 թ․, Կարապետյան Ս․, «Խաչաձև գմբեթավոր երկու եկեղեցիներ Արցախ նահանգում»։
1985 թ․, Մկրտչյան Շ․,  Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պատկանում է խաչաձև հորինվածքով գմբեթավոր եկեղեցիների տիպին։ Ունի մեկ կիսաշրջանաձև խորան։
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Արևմտյան ճակատի հարավային կողմում՝ պատին, ագուցված է 12-13-րդ դարերին բնորոշ նվիրատվական մի խաչքար։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գորշ և կարմրավուն ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք, որը բացված է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները ութն են, որոնցից մեկական լուսամուտ բացվում է եկեղեցու արևելյան, հյուսիսային, արևմտյան և հարավային պատերին, իսկ չորսն էլ՝ զուգահեռաբար գլանաձև թմբուկի վրա։

Տանիքը (նյութը, ձևը)
Գմբեթի վեղարը, ինչպես նաև կամարակապ թաղածածկի սալերը չեն պահպանվել։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Եկեղեցին կառուցված է անմշակ ու կիսամշակ քարերով և կրաշաղախով, արտաքին պատերի անկյունաքարերը սրբատաշ են։ Ներսից սվաղված է։

Տիպը
Խաչաձև գմբեթավոր
Չափերը` երկարությունը
6 մ
Չափերը` լայնությունը
5 մ
Չափերը` բարձրությունը
Պահպանված վիճակում մոտ 6 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
 Վթարային

Արժևորումը
Կարևոր է հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության համար, միաժամանակ միջնադարյան Հայաստանի Խաչենի իշխանության պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։
----------------------------
1Ս․ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պրակ 5 Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982, էջ 91։

Չափագրություններ
Հյուսիսային Արցախի Խունիսավանքի եկեղեցու և Պողոսագոմեր գյուղի Ամենափրկիչ եկեղեցու հատակագծերը
Աղբյուրը՝ Կարապետյան Ս․, «Խաչաձև գմբեթավոր երկու եկեղեցիներ Արցախ նահանգում», Երևան, ՊՏՀ, համար 2-3, 1983 թ․, էջ 203-205։

Չափագրությունը՝ Ս․ Կարապետյանի, Վ․ Զարյանի, Ա․ Քերոբյանի 
Լուսանկարներ