Լուսանկարը՝ Վաչագան Խամփերյանցի
Մոխրաթաղ, Մելիք-Իսրայելյանների ապարանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Ամրոց-ապարանք
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Մոխրաթաղի ապարանք
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ըստ գլխատան արձանագրության՝1 ամրոց-ապարանքը կառուցվել է 1771 թ.՝ մելիք Ադամի2 կողմից: Ապարանքի նշանակությունը կտրուկ փոխվել է 1805 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս տարածքում էր հաստատվել գնդապետ Կարյագինի զորաջոկատը։ Մինչև 19-րդ դարի կեսերը այստեղ դեռևս ապրում էին մելիքական տոհմի ժառանգները։ 20-րդ դարի սկզբին ապարանքն արդեն անբնակ էր։

Սկզբնական պատկանելությունը
Մոխրաթաղ գյուղ (Հին Մոխրաթաղ գյուղատեղի), Մելիք-Իսրայելյանների սեփականություն

Պահպանման միավորի անվանումը
Ամրոց-ապարանք

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Ջրաբերդի մելիքություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մոխրաթաղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Մոխրաթաղ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 6,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մոխրաթաղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 919 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ինը մասն ջուր գետի ձախափնյա մեղմաթեք բացատում։
Նկարագրություն
Մոխրաթաղի ամրոց-ապարանքը Ջրաբերդի մելիքության կենտրոնավայրերից մեկն էր և պատկանում էր Մելիք-Իսրայելյաններին: Ըստ գլխատան արձանագրության՝ այն կառուցել է մելիք Իսրայելի որդի մելիք Ադամը 1771 թվականին։ 19-րդ դարում ապարանք է այցելել Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի), որտեղ նա մելիք Ադամի բնակարանի պատերին տեսել և կարդացել է երեք արձանագրություն․
ա) «Որ և ողորմութեամբն Ամենազօրին Աստուծոյ բազմաց ժամանեցոյց եդաք․․․ շինեալ զտունս իսկ բարերարին Աստուծոյ տուաւ ինձ զկարողութիւն և զզօրութիւն Սուրբ Հոգւոյն ծանուցեալ Մելիք-Իսրայէլի որդի ես Մելիք-Հադամս շինեցի գեղեցիկ կամարօք գեղեցիկ անարատ տուն և սարայս և բազմահանճար զարդիւնաւորութեամբ առնայիններով (՞) բարեցանկ վայելեսցէ հանդերձելութեամբ, թիւ ՌՄԻ (1771)»:
բ) «Կարողութեամբն աստուծոյ ես Ներսէսի որդի և Պետրոս իւզբաշի վերակացու լեալ աշտարակիս»:
գ) «Մենք հարմատոյ (յարմատո՞յ) Հայրն Աբրահամ կեանք նորա հիանալի, նա ոչ շինեաց տուն և տեղի բնակութեան միշտ վրանօք շրջէր յերկիրն ի Խառան այլ անուսումն կեանք մեր կարճացեալ թիւ ամաց համայն բոլոր երևելոյ եմք մեք միւս անգամ տեսիք ի մեր յիմարութեանց սորա ժառանգաց չենք․․․ ալանաց․․․ Հման Աստուած Աբրահամու ես և․․․»3։

Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը որոշ տարբերություններով կարդացել է վերոնշյալ արձանագրություններից առաջինը և երրորդը՝ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ սենյակների պատերի վրա4։
Թե՛ Մակար Բարխուդարյանցը, թե՛ Հայկունին փոխանցում են, որ ապարանքն ունեցել է 12 տարբեր չափերի սենյակներ, այդ թվում՝ «ընտանեկան սենեակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասաւորանոց, գոմանոց»5։

Ըստ Գորշկովի և Ղուլյանի չափագրությունների՝ պարսպապատ համալիրն իր մեջ ընդգրկել է 15 սենյակ և 4 նախասրահ։ Սենյակները հիմնականում կողք կողքի են՝ տեղակայված արևմտյան, հարավային և արևելյան կողմերում։ Բոլոր սենյակների լուսամուտները և մուտքերը բացվում են դեպի ընդհանուր ընդարձակ բակը, իսկ արևելյան սենյակների լուսամուտները՝ դեպի դուրս։ Գլխատունը տեղակայված է սենյակների արևմտյան շարքի կենտրոնում։
 
  
Ապարանքի գլխատունը | Լուսանկարը՝ Վաչագան Խամփերյանցի
 
Մելիք-Իսրայելյանների ամրոց-ապարանքը մանրամասնորեն ուսումնասիրել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը և այն ընդգրկել  իր «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» աշխատության մեջ․ «Հյուսիսից հարավ ձգված համակառույցը (արտաքուստ միջին չափերը՝ 36,0 x 51,0 մ) շրջապատված է պարիսպներով, որոնք 4 անկյուններում կիսագլանային բրգաձև ելուստներ ունեն, իսկ հատակագծում անկանոն շեղանկյուն են կազմում՝ երկայնական երկբեկյալ կողմերով։ Ընդ որում, արևելյան պարսպապատի մուտքից հյուսիս նույն դարում կցվել է մի երկարավուն, եռամաս շինություն, որն իր ծավալով մի փոքր դուրս է շեշտված սկզբնական, բրգավոր հորինվածքից։ Ապարանքի գլխավոր մուտքը հյուսիսային ճակատի ձախ եզրում է և դեպի բակ է բացվում բուրգին կից թաղածածկ սենյակի միջով։ Հայկունու բնորոշմամբ այս «գեղեցիկ կամարակապ մեծ դուռը» հստակ երևում է Գորշկովի տեղահանույթի հետ պատկերված ապարանքի հեռանկարային տեսքում և ունի դարաշրջանի շքամուտքերին բնորոշ լուծում՝ մուտքային բացվածքի եզրաելուստներին հենված կիսաշրջանաձև բարավորաքարն ընդգրկող միաստիճան որմնակամարով։ Բացի այս և երկրորդ՝ հարավային փոքր մուտքից, Գորշկովի պատկերած խիստ մոտավոր հատակագծում ցույց է տրված նաև մեկ այլ մուտք՝ հարավային կողմի նեղլիկ միջանցքի դիմաց։ Այս հատվածում պարիսպն իրոք ընդհատվում է, սակայն, ըստ ամենայնի՝ հետագա ավերման հետևանքով։ 
Համակառույցի նախնական հորինվածքի սենյակները դասավորված են ներքին բակի (միջին չափը՝ 16,0 x 41,0 մ) արևմտյան՝ երկայնական և հարավային՝ լայնական կողմերը զբաղեցնող երկու շարքով, որոնք անջատված են նեղլիկ միջանցքով և միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն են կազմում։ Արևմտյան շարքի սենյակները ետնամասով խորանում են լանջի մեջ և խմբավորված են երեք նախասրահների շուրջը։ Սրանցից եզրայինները միաչափ են (ճակատային բացվածքը՝ 5,4 մ) և միմյանց են կապում երեքական տարբեր չափերի ուղղանկյուն հատակագծով (6,9 x 6,9 մ) գլխատան ողջ ճակատը և դրա ձախ կողմում ունի կից մեկ թաղածածկ սենյակ ևս։
Հատկանշական է, որ, չնայած տեղանքի պայմաններով թելադրված սենյակների տարբեր չափերին, այս շարքի հատակագծային հորինվածքը ենթարկված է որոշակի կանոնավորության։ Այսպես. երեք նախասրահներն էլ ճակատային գծի նկատմամբ հավասար խորություն ունեն, սրանցից հյուսիսայինին կից երեք սենյակի ետնապատերը մի գծով են ավարտվում, իսկ գլխատան հարավակողմի երեք սենյակինը՝ դրանից մի փոքր առաջ, ընդ որում վերջինս համընկնում է նաև գլխատան լայնական առանցքի հետ։ Ուշագրավ է նաև, որ պարսպապատն այստեղ համատեղված չէ սենյակների ետնապատի հետ, այլ 2,5-5 մ հետ է դրված և սկսվում է դրանց տանիքի մակարդակից։
Սենյակների այս շարքի և ամբողջ համակառույցի հորինվածքային գլխավոր շեշտը գլխատունն է՝ դրված բակահայաց ճակատի առանցքով։ Գլխատունն ապարանքի կազմում գրեթե անխաթար պահպանված սակավաթիվ դահլիճներից է և ծածկված է երդիկակիր ութանիստ-բրգաձև գոցվող թաղով, որին անցումը կատարված է քառակուսի հիմքի չորս անկյունը 2,7 մ կամարաթռիչքով պսակող տրոմպների միջոցով։ Մուտքի հանդիպակաց պատում տրոմպների միջև գտնվող որմնախորշը լայն է ու կամարակապ, իսկ կողապատերի մեկական փոքր խորշերը հարթածածկ են։
Այստեղ իրենց չափերով աչքի են ընկնում նաև գլխատան երկու կողմի դահլիճները, որոնք, միաժամանակ, համեմատաբար լավ են պահպանվել։ Սրանցից հարավայինը (ներքուստ՝ 4,0 x 6,5 մ) ունի օջախ-բուխարի՝ զույգ կամարախորշերով, իսկ հյուսիսայինն ուշագրավ է ետնապատում գտնվող խորշաձև մասով (ներքուստ՝ (4,0 x (7,5 + 0,8) մ)։ Այս շարքի մյուս սենյակներից պահպանվել են միայն ծածկի մնացորդներն ու պատերը, այն էլ՝ մասամբ հողածածկ։ Այնուամենայնիվ որոշակի է, որ դրանք մուտքեր են ունեցել նախասրահներից և մեկական դեպի ներս լայնացող փոքր պատուհան՝ բակահայաց ճակատում։ Եզրային նախասրահները, ինչպես վկայում են տեղում պահպանված սրբատաշ քարաբեկորները, ամենայն հավանականությամբ ունեցել են մույթավոր-կամարակապ ճակատներ և նույնպես թաղածածկ են եղել։ Սակայն թե՛ մույթերի և թե՛ կամարների չափերի ու քանակի մասին կարելի է պատկերացում կազմել միայն ենթադրաբար՝ համանման հուշարձանների բաղդատությամբ։
․․․․ Գլխատունն ունեցել է եռակամար, սյունազարդ նախասրահ՝ միակտոր քարե սյուներով։ Իսկ վերջիններս հավանաբար ուղղանկյուն հատվածք ունեին՝ եզրանկյունների տաշվածքով, որի պատճառով Գորշկովի կազմած սխեմատիկ հատակագծում պայմանականորեն ցույց են տրվել բոլորաձև։
Ապարանքի հարավային թևի շինությունները կառուցված են հենապարսպով ստեղծված դարավանդային պատի բակի լայնական կողմում, որոնց ետնապատին շեղությամբ հպվում է արտաքին պարսպապատը, իսկ ճակատային գծով դրանք համատեղված են հիշյալ նախասրահներից հարավայինի եզրապատի ուղղության հետ։ Սենյակների այս խումբը բաղկացած է երկու մասից. նեղլիկ ու կամարակապ ճակատով կենտրոնական նախասրահին երկու կողմից կից միաչափ ու միանման դահլիճներից (ներքուստ՝ 3,1 x 6,2 մ) և դրանց երկարության չափով արևելքից հպված պարսպակից, կրկնահարկ ու թաղածածկ դահլիճից (ներքուստ՝ 3,8 x 6,8 մ)։ Նախասրահն ու կից դահլիճները նույնպես թաղածածկ են և աչքի են ընկնում համաչափ դասավորված բուխարիների և կամարախորշերի կառուցման խնամքով ու պահպանվածությամբ. մասամբ ավերված են միայն դահլիճների ճակատապատերը, որոնք ևս, նախորդների պես, մեկական առանցքային նեղ պատուհան ունեն բակի կողմից։
․․․․ Ապարանքի հորինվածքում հետաքրքրական է նաև գլխատնավոր շարքի դիմաց գտնվող շինությունը, որը բաղկացած է բակի նկատմամբ երկայնական կողմով դրված կենտրոնական երեսբաց սրահից և երկու միանման եզրային դահլիճներից (ներքուստ՝ 5,2 x 6,5 մ)։ Ընդ որում, դահլիճներից հյուսիսայինի լայնական եզրապատի և կից բուրգի, ինչպես նաև թաղածածկի մնացորդների և կից պարսպապատի միջև կառուցվածքային կապի բացակայությունը վկայում է, որ այս շինությունը ապարանքին է կցվել հետագայում։ Սակայն ճարտարապետական բնութագրով այն չի տարբերվում համակառույցի մյուս մասերից և, պետք է կարծել, որ կառուցվել է դրանցից փոքր-ինչ ուշ, կամ՝ անմիջապես հետո։ Ամեն պարագայում կառուցվել է նախքան շինարարական արձանագրության փորագրումը․․․․
Պետք է նշել նաև, որ այս շինությունն իր հորինվածքով ու գլխատնավոր-բնակելի մասի նկատմամբ ունեցած տեղադիրքով հար և նման է Հոռեկավանի երկրորդ ապարանքի հյուսիսային կողմի սենյակաշարին և նույնպես ծառայել է հասարակական կյանքին առնչվող արարողությունների՝ դատավարությունների, հանդիսությունների և ընդունելությունների համար․․․․»6։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
18-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ ապարանքի գլխատան շինարարական արձանագրության (չի պահպանվել)։

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Գլխատան արձանագրությունը տեղում ընթերցել են Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը և Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի)։

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ապարանքը կառուցվել է 1771 թվականին և ծառայել է իր նպատակին մինչ 19-րդ դարի վերջերը։ Մոխրաթաղ գյուղի տեղափոխությունից հետո ապարանքը լքվել և հետզհետե ավերվել է։ Վերջին տարիներին խիստ վթարված վիճակում էր, փլվել էր նաև մինչև 2016 թվականը կանգուն մնացած գլխատան բրգաձև թաղը։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ամրոց-ապարանքին անդրադարձել են նաև Րաֆֆին (Երկերի ժողովածու, հ․ 9, Երևան, 1987, էջ 425-426), Լեոն (Հայոց պատմություն, հ․ 3, գիրք բ, Երևան, 1973, էջ 257), Բաբկեն Ուլուբաբյանը (Արցախի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը, Երևան, 1994, էջ 133)։

1901 թվականին ռուսական կայսերական բանակի պահեստային գումարտակի պորուչիկ7 Գորշկովը գործուղվել է ուսումնասիրելու Կարյագինի լեգենդար զորաջոկատի 1805 թվականի ռազմերթի հիմնական վայրերը։ Այս առիթով Գորշկովը կատարել է ապարանքի մոտավոր գծանկարը և չափագրությունը։ Վերջինիցս տեղեկանում ենք նաև, որ 1901 թվականին ապարանքը հիմնականում կանգուն էր8։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Բրգաձև աշտարակներով և բարձր պարիսպներով հզորացված ամրոց-ապարանքը բաղկացած է իշխանական գլխատնից և հարակից ուղղանկյուն սենյակներից։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ամրոցն ունի երկու մուտք հյուսիսային և հարավային կողմերից։ Գլխավոր դարպասը բացված է հյուսիսային ճակատի արևելակողմ հատվածից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Բացառությամբ գլխատան, որը լուսավորվել է երդիկից, մյուս բոլոր սենյակներն ունեն փոքրիկ, դեպի ներս լայնացող լուսամուտներ։ Արևելյան սենյակների լուսամուտները բացվում են դեպի դուրս, իսկ մյուս սենյակների լուսամուտները՝ դեպի ներքին բակ։

Հարկայնությունը
Համալիրի գրեթե բոլոր շինությունները միահարկ են, բացառություն է կազմում իշխանական երկհարկանի բնակարանը, որը, սակայն, ավերված է։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Ապարանքի բոլոր շինությունները կամարակապ, թաղածածկ են եղել։

Տանիքը (նյութը, ձևը)
Կղմինդրածածկ (չի պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Հիմնականում օգտագործվել են տեղական փոքրաչափ, կոպտատաշ քարեր, կամարների, խորշերի և բացվածքների եզրերը սրբատաշ կրաքարից են։

Տիպը
Բնակելի և պաշտպանական համալիր
Չափերը` երկարությունը
51 մ
Չափերը` լայնությունը
36 մ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Ավերակ
Արժևորումը
Մելիք-Իսրայելյանների ապարանքը ուշ միջնադարյան պալատական ուշագրավ համալիրներից է, որը խիստ արժեքավոր է ժամանակաշրջանի պատմական անցքերի ուսումնասիրության համար։ Այն կարևոր պաշտպանական նշանակություն է ունեցել Ջրաբերդի իշխանության քաղաքական կյանքում։
----------------------------

1Արձանագրությունը պահպանված չէ։ 19-րդ դարում ապարանք այցելած Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի)  և Մակար Բարխուդարյանցը կարդացել են վիմագրերը։

2Ժողովրդական լեզվով՝ մելիք Հաթամ, Հադամ։

3Գեղամյանց Ե. (Հայկունի), 2010, էջ 54-55։

4Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 218։

5Նույն տեղում, էջ 217-218։

6Ղուլյան Ա․, 2001, էջ 65-71։

7Զինվորական կոչում ցարական բանակում, հանդիպում է նաև պորուտչիկ տարբերակով։


Չափագրություններ
Մոխրաթաղի ապարանքի չափագրությունը
Հեղինակ՝ Արտակ Ղուլյան
Մոխրաթաղի ապարանքը 1901 թվականին
Утверждение русского владычество на Кавказе, с. 202, 214։
Լուսանկարներ